Սոցցանցերում տարածվում են կեղծ գրառումներ՝ «Երևան Սիթի» և «Քարֆուր» սուպերմարկետների անունից։ Գրառումներում նշվում է, թե «Երևան Սիթի»-ն քերծվածքների պատճառով չվաճառված խոհանոցային տեխնիկա է նվիրում, իսկ «Քարֆուրը»՝ խանութի տարեդարձի առթիվ բջջային հեռախոսներ և գնումների վաուչերներ։
«Նվիրում ենք 400 խմորախառնիչ, որոնք աննշան քերծվածքների և փոսերի պատճառով չեն վաճառվում։ [...] Պարզապես մուտքագրեք @ և սեղմեք «գունանշել»։ Եթե այն կապույտ դառնա, ապա ընտրությունը ձերն է»,- նշված է «Երևան Սիթի»-ի անունից տարածված գրառման մեջ։
Սուպերմարկետներից բացի, գրառումներ են տարածվում նաև Samsung ընկերության անունից՝ իբր վերջինս լվացքի մեքենաներ է նվիրում։
Այս գրառումները հավաքում են հարյուրավոր հավանումներ և տարածումներ, սակայն դրանք կեղծ են։ Դրանց հիմնական նպատակը օգտատերերի անձնական տվյալների կորզումն է, ինչը կարող է հանգեցնել նաև ֆինանսական կորուստների։
Ինչպես է աշխատում կեղծ խաղարկությունների սխեման
«Քարֆուր»-ի անունից գրառումները տարածվում են Carrefour fans ֆեյսբուքյան էջով, որտեղ բացառապես նվերների և խաղարկությունների վերաբերյալ գրառումներ են։ Հունվարի 12-ին հրապարակված գրառման մեջ նշվում է, թե «Քարֆուր»-ը ծննդյան օրվա առթիվ «հատուկ պայուսակներ, բջջային հեռախոսներ, անվճար գնումների վաուչերները է նվիրում»։ Օրեր անց՝ հունվարի 19-ին, հրապարակված գրառման մեջ էլ նշվում է, թե խանութի տարեդարձի առիվ խաղարկվում են տարբեր նվերներ պարունակող հաջողակ պայուսակներ։

Մինչդեռ, տվյալ էջը սուպերմարկետի հետ կապ չունի։ «Քարֆուր»-ի պաշտոնական էջը Հայաստանում Carrefour Armenia-ն է, որը նման խաղարկություններ չի իրականցնում։
«Երևանի Սիթի»-ին վերագրվող գրառումներն էլ տարածվում են •𝗬𝗲𝗿𝗲𝘃𝗮𝗻 𝗖𝗶𝘁𝘆 𝗦𝘂𝗽𝗲𝗿𝗺𝗮𝗿𝗸𝗲𝘁𝘀 • ֆեյսբուքյան էջով։ Այն ևս կապ չունի սուպերմարկետների ցանցի հետ։ Էջում 2025-ի դեկտեմբերից ի վեր հրապարակվել են նվերների վերաբերյալ մի շարք գրառումներ։ Հատկանշական է, որ մեկնաբանություններում մի շարք օգտատերեր նշում են, որ կատարել են պահանջվող քայլերը և իբր շահել են, սակայն խոստացված նվերները չեն ստացել։
#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է տարբեր ընկերությունների անունից տարածվող կեղծ գրառումներին։
Բոլոր դեպքերում մեկնաբանություն գրելուց հետո օգտատերերին ուղարկվում է տվյալներ կորզող ֆիշինգային կայքի հղում։ Իսկ հայտնի ընկերությունների անուններն օգտագործվում են որպես խայծ՝ օգտատերերի վստահությունը շահելու համար։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











