Հնդկաստանը և գլոբալ հարավը

Աշոկ Սաջջանհար, դեսպան
Հոդվածը հրապարակվել է southasianherald.com կայքում
Հնդկաստանի հարաբերությունները Գլոբալ հարավի երկրների հետ խոր արմատներ ունեն՝ ձևավորված ընդհանուր պատմություններով, համատեղ պայքարով և զարգացման ու ինքնաբավության փոխադարձ ձգտումներով։ Տարիների ընթացքում Հնդկաստանի դերը փոխակերպվել է՝ Չմիացած երկրների շարժման (Non-Aligned Movement, NAM) առաջատարներից դառնալով ժամանակակից հարավ-հարավ համագործակցության առանցքային դերակատար։
Հնդկաստանի և Գլոբալ հարավի գործընկերությունը նոր մակարդակի բարձրացավ վարչապետ Նարենդրա Մոդիի օրոք, երբ նա 2023-ի հունվարի 12–13-ին, Հնդկաստանի՝ G20-ի նախագահությունը ստանձնելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, կազմակերպեց Գլոբալ հարավի ձայնը գագաթնաժողովը (VOGSS)։ Տարվա ընթացքում դրան հաջորդեց ևս մեկ գագաթնաժողով, իսկ երրորդը կայացավ 2024-ին։
Բացի VOGSS-ների միջոցով Գլոբալ հարավի շահերը, առաջնահերթությունները և ձգտումները ձևակերպելուց ու դրանք բոլոր համապատասխան հարթակներում բարձրացնելուց, Հնդկաստանը նաև «խոսքից գործի է անցնում»՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով Գլոբալ հարավի երկրներին։
Նախապատմություն
Գլոբալ հարավում Հնդկաստանի դերն առանցքային է․ այն իր աճող տնտեսական ներուժը, ժողովրդավարական համակարգը և աշխարհաքաղաքական ռազմավարական դիրքն օգտագործում է՝ արդար ու հավասարակշռված գլոբալ կառավարման օգտին հանդես գալու համար։
Հնդկաստանի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը ընդգծում են նրա դերը որպես առաջընթացի գործընկեր։ Հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի միջոցով Հնդկաստանը ուսուցում, կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն է տրամադրել ավելի քան 160 երկրի։ Ծրագիրն ընդգրկում է առողջապահությունը, կրթությունը, գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նպաստելով Գլոբալ հարավի մարդկային ռեսուրսների զարգացմանը։
«Աշխարհը մեկ ընտանիք է» քաղաքականությունը
«Վասուդհաիվա Կուտումբակամ»-ի «Աշխարհը մեկ ընտանիք է» քաղաքականության ոգին վերջին ավելի քան մեկ տասնամյակում եղել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության ուղենիշը։ Այդ մոտեցումը առավել ամբողջական արտահայտություն ստացավ 2023-ին՝ G20-ում Հնդկաստանի նախագահության ընթացքում, երբ ընդունվեց «Մեկ երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա» կարգախոսը, և ապահովվեց, որ քննարկումներից բխող բոլոր որոշումները լիովին արտացոլեն այդ հանձնառությունը։
Ներկայիս վիճակը
Վերջին տարիներին Հնդկաստանի «Գլոբալ հարավ» գործընկերությունը վերածվել է արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկի։ G20-ում նախագահության ընթացքում Հնդկաստանի ամենանշանակալի ձեռքբերումներից էր Աֆրիկյան միության՝ 54 աֆրիկյան երկիր միավորող կառույցի, լիիրավ անդամակցությունը G20-ին։ Այս հարցը տարիներ շարունակ փակուղում էր, և հենց Հնդկաստանին՝ Գլոբալ հարավի շահերին նվիրված իր մոտեցմամբ, հաջողվեց ձևավորել անհրաժեշտ կոնսենսուսը։
Հնդկաստանը զգալիորեն խորացրել է իր ներգրավվածությունը Գլոբալ հարավում նաև այն պատճառով, որ վերջին տարիներին տնտեսությունը էականորեն աճել է։ 2014-ին, երբ վարչապետ Մոդին իշխանության եկավ, Հնդկաստանի տնտեսությունը աշխարհում 10-րդն էր։ Այսօր այն 4-րդն է, և կանխատեսվում է, որ 2027-ին կդառնա 3-րդը։ Ներկայում Հնդկաստանը խոշոր տնտեսությունների շարքում ամենաարագ աճողն է․ վերջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է տպավորիչ 8.2%։ Ակնկալվում է, որ Հնդկաստանի տնտեսությունը ներկայիս մոտ 4 տրիլիոն ԱՄՆ դոլարից 2035-ին աճած կլինի ավելի քան 10 տրիլիոն դոլարի։
Տնտեսական հզորության աճը Հնդկաստանին հնարավորություն է տվել ավելի ակտիվ դեր խաղալ համաշխարհային գործընթացներում և օգնության ձեռք մեկնել կարիքավորներին։ COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանը բազմաթիվ գործընկերների, հատկապես Գլոբալ հարավում, տրամադրել է դեղեր և պատվաստանյութեր, մեծամասամբ՝ անվճար։ Դեղորայք է մատակարարվել ավելի քան 150 երկրի, իսկ Vaccine Maitri (պատվաստանյութերի բարեկամություն) նախաձեռնության շրջանակում՝ ավելի քան 300 միլիոն դեղաչափ՝ ավելի քան 100 երկրի։
Տնտեսական ներուժի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ 2022-ին, երբ Շրի Լանկայի ֆինանսական պաշարները սպառված էին, աջակցել շուրջ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև ֆինանսական աջակցություն, սննդամթերք և դեղորայք տրամադրել Աֆղանստանին, Մալդիվներին և այլ երկրների՝ ամենածանր պահերին։ Սա հնարավորություն է տվել Հնդկաստանին հանդես գալ որպես «առաջին արձագանքող»՝ երկրաշարժերի, ջրհեղեղների և այլ աղետների դեպքում՝ թե՛ իր հարևանությամբ, թե՛ դրանից դուրս։
Գործակցության հիմնական սյուները
Այսօր Հնդկաստանի «Գլոբալ հարավի գործընկերությունը» ձևավորվում է համագործակցության չորս հիմնական ուղղություններով։
Ա. Թվային հանրային ենթակառուցվածք (DPI) և «India Stack»
Հնդկաստանը ներքին հաջողություններից անցել է գլոբալ ընդգրկման։
Ֆինտեխ դիվանագիտություն․ Միավորված վճարումների միջերեսը (UPI) արդեն գործում է կամ փորձնական փուլում է Գլոբալ հարավի մի շարք երկրներում, այդ թվում՝ Նամիբիայում, Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայի որոշ հատվածներում։
Սոցիալական ազդեցության հիմնադրամ․ Հնդկաստանի 25 միլիոն դոլարի ներդրումը նպաստում է փոքր երկրների՝ սեփական թվային ինքնության (Aadhaar-ի նման) և վճարային համակարգերի ձևավորմանը՝ ֆինանսական ներառականությունն ուժեղացնելու համար։
Բ. Առողջապահություն և դեղագործական առաջնորդություն
Ամրապնդելով «աշխարհի դեղատուն» կոչումը՝ Հնդկաստանը COVID-19-ից հետո անցել է առողջապահական կայունության կառուցմանը։
Գեներիկ դեղեր․ մատչելի և որակյալ գեներիկ դեղերի մատակարարում Աֆրիկայի և Կարիբյան տարածաշրջանի երկրներին։
Կարգավորող կարողություններ․ Հնդկաստանը վերապատրաստում է Գլոբալ հարավի երկրների դեղագործական կարգավորող մարմիններին՝ սեփական անվտանգության չափորոշիչները ձևավորելու համար։
Գ. Գլոբալ զարգացման համաձայնագիր
Վարչապետ Մոդիի կողմից 2024-ի վերջին առաջարկված համաձայնագիրը կենտրոնանում է.
Զարգացմանն ուղղված առևտրի վրա՝ նվազեցնելով ամենաքիչ զարգացած երկրների (LDCs) առևտրային խոչընդոտները։
Արտոնյալ ֆինանսավորման վրա՝ առաջարկելով ծրագրային դրամաշնորհներ՝ այլ խոշոր տերությունների հետ երբեմն կապվող «պարտքային ծուղակների» փոխարեն։
Դ. Կլիմայական արդարություն և էներգետիկ անցում
Հնդկաստանը պաշտպանում է «ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվությունների» (CBDR) սկզբունքը։
Միջազգային արևային դաշինք (ISA)․ 121 անդամ երկրներով, որոնց մեծ մասը Գլոբալ հարավից է, դաշինքը վկայում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի և վերականգնվող էներգիայի խթանման հանդեպ Հնդկաստանի հանձնառության մասին։
Mission LiFE (կենսակերպ՝ հանուն շրջակա միջավայրի)․ Հնդկաստանը խրախուսում է կայուն սպառմանն ուղղված անցումը՝ մի մոտեցում, որը համահունչ է զարգացող երկրների իրականությանը, որոնք կլիմայական փոփոխությունների հիմնական պատճառը չեն, բայց կրում են դրանց ամենածանր հետևանքները։
Եզրակացություն
Տարիների ընթացքում Հնդկաստանի աշխարհաքաղաքական դինամիկան Գլոբալ հարավի հետ էապես զարգացել է՝ արտացոլելով նրա տնտեսական աճը, ռազմավարական շահերը և գլոբալ ասպարեզում առանցքային դերակատար դառնալու ձգտումները։ Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությունը Գլոբալ հարավում ընդգծում է բազմաբևեռ աշխարհի տեսլականը, որտեղ զարգացող երկրները ունեն նշանակալի ձայն։
Որպես և՛ առաջնորդ, և՛ գործընկեր՝ Հնդկաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ Գլոբալ հարավի ապագայի կերտման մեջ։ Շարունակական համագործակցության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր ձգտումների շնորհիվ Հնդկաստանը և Գլոբալ հարավը կարող են միասին հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերներն ու օգտագործել բացվող հնարավորությունները։
Թեմա
Civilnet










