Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Սլովենացի քաղաքական փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը անձամբ դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել OC Media-ի հեղինակ և քաղաքագետ Բահրուզ Սամադովին։ Սամադովը ներկայում ազատազրկված է պետական դավաճանության մեղադրանքով, որը նա հերքում է։
Ժիժեկի կոչը ներկայացված է նամակում, որը համատեղ ստորագրել են նաև Բաքվի հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալթայ Գոյուշովը, Տրենտոյի համալսարանի պրոֆեսոր Ալեսանդրա Ռուսոն և մարդու իրավունքների ռուսական կազմակերպություն OVD-Info-ի համահիմնադիր Դանիիլ Բեյլինսոնը։
Նամակում հեղինակները դատապարտել են Սամադովին 2025-ի հունիսին պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտելը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «բացառապես նրա խաղաղ հակապատերազմական դիրքորոշման պատճառով»։
«Խաղաղ ակտիվիստների նկատմամբ նման վերաբերմունքը տեղ չունի Ադրբեջանում՝ ժամանակակից երկրում, որն ունի խոր առևտրային և մշակութային կապեր ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ»,- նշվում է նամակում։
Հեղինակները զգուշացրել են, որ Սամադովի հիմնարար իրավունքներն «այս պահին խախտվում են», քանի որ նա պահվում է մեկուսարանում և նրան սպառնում են տեղափոխել խիստ ռեժիմի Ումբաքու բանտ։
«Այս հաստատությունը հայտնի է իր դաժան պայմաններով։ Բահրուզը կալանքի ընթացքում արդեն երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել, ուստի Ումբաքու տեղափոխվելը գրեթե մահապատիժ է։ Բահրուզի միակ մոտ ազգականը նրա տատիկն է, որը չի կարողանա այցելել իր միակ թոռանը այդ բանտում»,- ասված է նամակում։
Նամակի հեղինակները նաև ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում արձանագրված կարևոր առաջընթացը՝ նշելով, որ այդ պայմաններում Սամադովի դատավճիռը ոչ միայն չի վերացվել, այլ ամբողջությամբ ուժի մեջ է մնացել վերաքննիչ դատարանում։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրա ենթադրյալ հանցագործությունը սահմանափակվում է միայն հայ ակտիվիստների և ուսանողների հետ շփումներով»,- նշվում է նամակում։
Բահրուզ Սամադովը ձերբակալվել էր 2024-ի օգոստոսին և 2025-ին հունիսին դատապարտվել պետական դավաճանության մեղադրանքով։ Մինչ ձերբակալվելը նա հրապարակայնորեն հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության օգտին և լայնորեն գրում էր խաղաղության թեմայի ու Ադրբեջանի խորացող ավտորիտարիզմի մասին, այդ թվում՝ OC Media-ում։
Նրա ձերբակալությունը լայն միջազգային արձագանք է առաջացրել։ Մի շարք միջազգային կառույցներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանը և Amnesty International-ը, կոչ են արել նրան անհապաղ ազատ արձակել։
Civilnet











