Գլխավոր Լրահոս

Հայաստանը հայտնվել է գերտերությունների շահերի բախման կենտրոնում. Քոչարյան

Հայաստանը հայտնվել է գերտերությունների շահերի բախման կենտրոնում. Քոչարյան

Հայաստանը հայտնվել է գերտերությունների շահերի բախման կենտրոնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ TRIPP-ին։

Ըստ նրա՝ այդ ծրագիրը «հիմնականում սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը», մինչդեռ հայկական շահն այդ ձևաչափերում բացակայում է։

Երկրորդ նախագահի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում տնտեսական չէ․ Վաշինգտոնի գլխավոր նպատակը Իրանի հետ սահմանը վերահսկողության տակ վերցնելն է։ 

«ԱՄՆ-ն Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունի։ Այս հետաքրքրությունը կապված է բացառապես մեկ հանգամանքի՝ Իրանի հետ։ Նպատակը Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելն է. ուրիշ տրամաբանական բացատրություն պարզապես չկա, որքան էլ փորձենք երևակայությամբ այլ պատճառներ գտնել։ Այստեղ ակնհայտ է նաև Իսրայելի դերակատարությունը, քանի որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեծապես պայմանավորված է Իսրայելի շահերով»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը կրկին հայտնվում է գերպետությունների շահերի բախման կիզակետում, ինչպես եղավ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց միլիարդավոր ներդրումների մասին թեզերը։ Նրա խոսքով՝ 42 կմ հատվածի համար խոսել միլիարդների մասին՝ առնվազն անիրատեսական է, քանի որ դա ընդամենը մի քանի միլիոն դոլարի ծրագիր է, որը Հայաստանը կարող է իրականացնել սեփական միջոցներով։

Հարցին ի պատասխան, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն վերահսկել սահմանն առանց զինված ուժերի, երկրորդ նախագահը պարզաբանեց, որ «վերահսկողությունը հաճախ իրականացվում է կառավարման իրավունքի միջոցով»։ 

ՍիվիլՆեթի այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ սկսել է չխոսել Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու մասին, Քոչարյանը պատասխանեց, որ այսօրվա իրողություններում առավել իրատեսական է խոսել վերադարձի իրավունքի մասին։

«Այսօր ես իրական տեսնում եմ միայն այս հատվածը, բայց աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկս չգիտի, թե վաղը կամ մի տարի հետո ինչ է լինելու»,- նշեց նա։ 

Ըստ երկրորդ նախագահի՝ գերտերությունների կողմից աշխարհի վերաբաժանումն ու ազդեցության գոտիների ձևավորումը կարող են ստեղծել ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ պայմաններ Հայաստանի համար, ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ առաջնահերթ պահելով վերադարձի իրավունքի օրակարգը։

Աշխարհակարգի վերափոխումն ու ԱՄՆ-ի դերակատարումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ համաշխարհային քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն ինքն է ապամոնտաժում իր իսկ ձևավորած աշխարհակարգը։ Նրա դիտարկմամբ՝ Վաշինգտոնն այսօր ընդունում է աշխարհի բազմաբևեռ լինելու փաստը, որտեղ հիմնական հակառակորդը Չինաստանն է, իսկ Ռուսաստանի հետ տեսանելի են պրագմատիկ հարաբերություններ կառուցելու հնարավորություններ։

Եզրափակելով աշխարհաքաղաքական վերլուծությունը՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է անի հնարավորը՝ զերծ մնալու համար նոր աշխարհակարգի ձևավորման ցավոտ գործընթացների կենտրոնում հայտնվելուց։

***

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Համատեղ հռչակագիրը, որը հիմք ստեղծեց ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ TRIPP-ի իրականացման այս շրջանակն ուրվագծում է TRIPP-ի հիմնադրման հետագա մանրամասները և առաջ է մղում Համատեղ հռչակագրի նպատակները։

TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Ըստ պաշտոնական կողմի՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս ծրագիրը Հայաստանին տալու է ոչ միայն տնտեսական, այլ անվտանգային հնարավորություններ։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում