Գլխավոր Լրահոս

Կարգալույծ արված եպիսկոպոսի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Մայր Աթոռի դեմ

Կարգալույծ արված եպիսկոպոսի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Մայր Աթոռի դեմ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Հայ Առաքելական Եկեղեցուն և այլ անձանց արգելվել է խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին իրականացնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր իրավասությունները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: 

Մինչդեռ նման պայմաններում, Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ:  

***

Հունվարի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշմամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Մայր Աթոռից հայտնում են, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ «Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ եպս․ Սարոյանը դրժել է հնազանդության ուխտը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով Մասսյացոտնի թեմի առաջնորդը ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում