Գլխավոր Լրահոս

Հայաստանը գծում է իր «կանաչ» քարտեզը. համայնքները ձևավորում են սեփական էներգետիկ օրակարգը

Հայաստանը գծում է իր «կանաչ» քարտեզը. համայնքները ձևավորում են սեփական էներգետիկ օրակարգը

Մինչ համաշխարհային հանրությունը փնտրում է կլիմայական փոփոխություններին դիմակայելու ուղիներ, հայաստանյան համայնքները ձևավորում են էներգետիկ անկախության սեփական օրակարգը՝ փորձելով արդյունաբերական անցյալի ժառանգությունից անցում կատարել կայուն տնտեսության։ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության ներկայացուցիչները հունվարի 29-ին Երևանում հայտարարեցին, որ մինչև 2027-ը Հայաստանի անդամակցող համայնքների շուրջ 75%-ը կունենա մշակված կլիմայական ռազմավարություն։ 

Երևանում հունվարի 29-ին կազմակերպված մեդիա նախաճաշի ձևաչափով անցկացված քննարկման ժամանակ ընդգծվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները դիտորդի կարգավիճակից անցնում են ռազմավարական փոփոխությունների իրականացման փուլի։

Արևելյան գործընկերության տարածաշրջանում արդեն 15 տարի գործող այս նախաձեռնությունը, որն ամբողջ աշխարհում միավորում է շուրջ 12,000 համայնք, Հայաստանում նոր թափ է հավաքում։ Ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը և հաղորդակցության համակարգող Մարիա Չուբատան փաստում են, որ հաջողության գրավականը ոչ միայն տեխնիկական լուծումներն են, այլև տեղական կարողությունների զարգացումն ու հանրային բաց երկխոսությունը։ 

Ներկայում հայաստանյան 30 համայնք արդեն միացել է դաշնագրին՝ կամավոր ստանձնելով ջերմոցային գազերի կրճատման և էներգետիկ աղքատության հաղթահարման հանձնառությունը։

Ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանի դիտարկմամբ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները յուրօրինակ են։ 

Լուսանկարում՝ ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը

«1990-ականների համեմատ երկրում CO2-ի արտանետումները 25 միլիոն տոննայից նվազել են մինչև 11 միլիոնի, սակայն դա տեղի է ունեցել ոչ թե էներգաարդյունավետության բարձրացման, այլ արդյունաբերական հզորությունների փլուզման հետևանքով»,- ասաց Խարազյանը` ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի։ Այժմ, ըստ նրա, վերաարդյունաբերականացման շուրջ քննարկումների համատեքստում, համայնքները պետք է ընտրեն զարգացման «մաքուր» մոդելը։ 

Ըստ Խարազյանի՝ որոշ համայնքներ նպատակադրվել են կրճատել արտանետումները 30-ից մինչև 50 տոկոսով՝ թիրախավորելով բնակելի հատվածը, տրանսպորտն ու լուսավորությունը։

Այսօր արդեն յոթ համայնք, այդ թվում՝ Գյումրին, Վանաձորն ու Գավառը, ունեն գործողությունների մշակված ծրագրեր, իսկ Երևանի ու տասնյակ այլ բնակավայրերի համար ծրագրերը մշակման փուլում են։ Շեշտը դրվում է վերականգնվող էներգետիկայի վրա։ Սա ունի նաև տնտեսական հիմնավորում. համայնքները արևային կայաններից ստացված հասույթը կարող են վերաներդնել սոցիալական և էներգախնայող նոր ծրագրերում։

Այդուհանդերձ, գործընթացը զերծ չէ խոչընդոտներից։ Ֆինանսական սուղ միջոցները և մասնավոր տրանսպորտի ոլորտում ուղղակի լծակների բացակայությունը ստիպում են փնտրել այլընտրանքային լուծումներ։ Էլեկտրական մեքենաների խրախուսումը և շենքերի ջերմամեկուսացումը, որտեղ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի աջակցությամբ արդեն գրանցվել է մինչև 60% էներգախնայողություն, դառնում են կլիմայական օրակարգի հիմնական շարժիչները։ 

Հաղորդակցության տեղական փորձագետ Տաթևիկ Հարությունյանը նշում է, որ վերջին տարիների ջանքերի շնորհիվ էներգախնայողությունը հանրային գիտակցության մեջ տեսական գաղափարից վերածվում է գործնական առաջնահերթության։

Ռազմավարական նպատակը տեղական ինքնակառավարումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է, սակայն ճանապարհին առկա են նաև թաքնված ռիսկեր։ Դրանց թվում են էլեկտրական մեքենաների մարտկոցների հետագա ուտիլիզացիայի խնդիրը և արտանետումների առևտրի համակարգի ներդրման բարդությունները։ 

Այնուամենայնիվ, ծրագրի ներկայացուցիչների համոզմամբ՝ հայաստանյան համայնքների համար տեսանելի է դառնում այն ապագան, որտեղ տնտեսական աճը ոչ թե հակասում է շրջակա միջավայրին, այլ հենվում է դրա պահպանման նորարարական լուծումների վրա։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում