Փետրվարի 1-ից կդադարեցվի բանակում եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը: Հունվարի 30-ին սոցցանցում հրամանը տեղադրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի հրամանի՝ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ Պաշտպանության նախարարի 2000 թվականի «ՀՀ Զինված ուժերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին» N 728 հրամանը։
2026-ի փետրվարի 1-ից կդադարեցվի ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ ՊՆ համակարգում։
Հոգևոր ծառայությունը համակարգվելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության կողմից և իրականացվում է զորամասի հրամանատարի ենթակայությամբ։
«Ապահովել սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձանց՝ օրենքով շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը՝ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակելով ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ՝ համաձայնեցված ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ»,- նշված է հրամանի մեջ։


Civilnet











