Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կհետաքննի կառույցի մի շարք անդամների՝ կոռուպցիայում ներագրավված լինելու հարցը։ Այդ նպատակով կնշանակվեն երեք անկախ փորձագետներ։
Ավելի վաղ Արևելյան գոծընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը՝ 55 հայտնի իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, բաց նամակ էր հղել՝ պահանջելով իրականացնել Ադրբեջանում ԵԽԽՎ-ի գործունեության հետ կապված կոռուպցիոն մեղադրանքների արտաքին, անկախ և անկողմնակալ հետաքննություն։
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մեղադրվում են պաշտոնական Բաքվից կաշառքներ ստանալու մեջ, ինչի դիմաց պարտավորվել են կանխել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը դատապարտող բանաձևի ընդունումը:
Անցյալ շաբաթ բրիտանական
Guardian-ը գրել էր, որ առաջիկայում Եվրոպայի իրավապաշտպան կառույցներից մեկը հակակոռուպցիոն հետաքննություն կսկսի՝ ուսումնասիրելու վերոհիշյալ մեղադրանքները։
ԵԽԽՎ-ի շվեդ խորհրդարանական Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ շատ վստահելի պատգամավորներ իրեն պատմել են կաշառքի առաջարկ ստանալու դեպքերի մասին՝ այս կամ այն ձևով քվեարկելու դիմաց։ Նա 64 այն խորհրդարանականներից է, որոնք անկախ հետաքննության կոչ անող բանաձև են ստորագրել։
Guardian-ը նկատել է, որ խավիարային դիվանագիտության վերաբերյալ պնդումները շրջել են վեհաժողովում տարիներ շարունակ․ Ադրբեջանը մեղադրվել է անդամներին կանխիկ գումարներ և շքեղ նվերներ առաջարկելու մեջ՝ դրա դիմաց ակնկալելով նպաստավոր քվեարկություն։
Նման բացահայտումներ առաջին անգամ արել է «Կայունության եվրոպական նախաձեռնությունը» (European Stability Initiative)
2012թ․ իր առաջին զեկույցում, որը կրում էր «Խավիարային դիվանագիտություն․ ինչպես է Ադրբեջանը լռեցրել Եվրոպայի Խորհրդին» խորագիրը։ 2016թ․ դեկտեմբերի 17-ին հրապարակվել է հետաքննության երկրորդ մասը՝
«Եվրոպական ճահիճ» խորագրով։
Զեկույցները լույս են սփռել այն դեպքերի վրա, երբ կաշառվել են Եվրոպայի տարբեր երկրներից պատգամավորներ։ Նրանք դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող ԵԽ բանաձևերին և զեկույցներին, մասնավորապես, հենց այդ արշավի արդյունքում է ձախողվել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի զեկույցը։
Կարդացեք նաև՝ Բաքվին չի հաջողվի ջրից չոր դուրս գալ. ԵԽԽՎ-ի ադրբեջանցի նախկին անդամը՝ «խավիարային» բացահայտումների մասին:
Ստելլա Մեհրաբեկյան