Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը։ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
««Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում:
Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։
Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ։
https://civilnet.am/news/649160/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%a7-%d5%bb%d5%b6%d5%bb%d5%a5%d5%ac-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%ab%d6%80-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%be%d5%a9%d5%a1%d5%ae-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/ https://civilnet.am/news/649168/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%af-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/
Civilnet











