Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։ Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»,- ասված է հաղորդագրությունում։
***
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
Սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին, երկրորդ հանդիպումը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում, երրորդ հանդիպումը՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում։
Civilnet











