ՔՊ-ն ու «Հանրապետությունը» Երևանի կառավարումը միասին իրականացնելու հուշագիր ստորագրեցին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր ստորագրեցին։ Խմբակցությունները մայրաքաղաքի կառավարումն իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով։
««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարություն ու անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևանը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը, սակայն չհստակեցրեց՝ Զեյնալյանը կնշանակվի փոխքաղաքապետ, թե ոչ․ «Միանշանակ այս հուշագիրը նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին և դա նշանակում է, որ գործադիրում նշանակումները նույնպես իրականացվելու են համաձայնեցված»։
***
Հոկտեմբերի 10-ին կայացած Երևանի նորընտիր ավագանու նիստում Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ՝ 32 կողմ, 5 դեմ ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին նաև «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամները։
Սեպտեմբերի 17-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններում ձայների մոտ 19 և 15,5 տոկոսը ստացած «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում նիստին։ Նրանք առաջարկել էին չմասնակցել նիստին ու քվորում չապահովել և գնալ ավագանու նոր ընտրությունների։ Ի հակադրումն սրա՝ «Հանրային ձայն»-ը մասնակցեց և քվորում ապահովեց՝ չնայած դեմ քվեարկեց Ավինյանի թեկնածությանը։
Civilnet










