Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի 29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը: Այդ մասին հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը: ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան այդ տարածքի վրա։ Բայց այստեղ կա մի նրբություն, ով էլ խոսի անկլավների մասին, ապա պետք է սեղանին դնի քարտեզ, թե ինչով է հիմնավորվում այդ անկլավների գոյությունը»,- ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ անկլավների բարդ խնդրի քննարկման ընթացքում ի հայտ են գալու բազմաթիվ հարցեր, մասնավորապես, թե ինչպես է իրականացվելու անկլավների սահմանների դելիմիտացիան, սահմանների պաշտպանությունը, ինչպես է ապահովվելու հասանալիությունը և ինչ լուծում է տրվելու անկլավների տարածքներում զինված ուժերի ներկայության հարցին։
«Այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա։ Տարբերակներից մեկն այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք և խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է։ Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք՝ այնքան բարդ է խնդիրը, որ հետևյալ պայմանավորվածությունն է ձեռք բերվում է՝ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով դրանք պարփակված են։ Մեր խնդիրն է այսօր թույլ չտալ, որ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում։ Մենք ոչ մի թեմայի հարցում չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և պետք է բոլոր պրոբլեմները և Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և աշխարհին, մեր հանրությանը հասկանալի դիրքորոշում որդեգրենք, որը կբխի ՀՀ շահերից»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և այլ տարածքներում նույնպես»։
Civilnet











