Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցցանցերում «Զիգզագ» ընկերության անունից տարածվում են գովազդային գրառումներ՝ հայտարարությամբ, թե ընկերությունը 425 դրամով վաճառում է Tefal ընկերության սպասք, ինչպես նաև Iphone 15 Prօ՝ վնասված փաթեթավորմամբ։
Մինչդեռ, «Զիգզագը» որևէ նման առաջարկ չի իրականացնում, և տարածվող հայտարարությունները կեղծ են։ Ընկերությունն արդեն իսկ հերքել է կապը այս գրառումների հետ։
Գովազդային գրառումները տարածում են ֆեյսբուքյան մի քանի էջեր, որոնք որևէ կերպ կապված չեն «Զիգզագի» հետ, դրանք բոլորը ստեղծվել են սեպտեմբերի 5-ին։
Նկարները գողացված են
Գովազդներին կցված լուսանկարները վերցված են համացանցից։ Դրանց մեծ մասը ամերիկյան Walmart հիպերմարկետից են և ֆոտոշոփի են ենթարկվել։ Այս ընկերությունն է նման ոճով ներկայացնում հիպերմարկետներում առկա ակցիաներն ու առաջարկերը։
Ի դեպ, գրառումների տակ մեկնաբանություններ թողած օգտատերերը, որոնք իբր արդեն ձեռք են բերել ճամպրուկները, հայեր չեն։
Երբ այցելում ենք կցված հղումով, որով պետք է ձեռք բերել ապրանքը, հայտնվում ենք մի կայքում, որում որևէ տեղեկատվություն չկա «Զիգզագի» և առաջարկվող ապրանքների մասին։ Այստեղ էլ փաթեթներ են վաճառում, սակայն արդեն 1 400 դոլարով։

Նշենք, որ վերջին օրերին նմանատիպ կեղծ գրառումներ են տարածվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի և «Հայփոստի» անունից, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Զեղծարարները նման գրառումներով մի շարք նպատակներ կարող են հետապնդել՝ սկսած գումար, տվյալներ կորզելուց մինչև համակարգչային վիրուսների տարածում։
CivilNetCheck
Civilnet











