«Սամսունգը» հեռախոսներ չի նվիրում․ տարածվող գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սամսունգ» (Samsung) ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե վերջինս ծննդյան տարեդարձի կապակցությամբ հեռախոսներ է նվիրում։
#CivilNetCheck-ը փորձել է պարզել՝ արդյո՞ք տարածվող գրառումն իրական է, թե ոչ։
«Սամսունգը» հեռախոսներ է նվիրում՝ պարզապես շնորհավորելու համար
Գրառումը տարածվում է SAMSUNG-Fans ֆեյսբուքյան էջով։ Այն ստեղծվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 15-ին։ Նույն օրը էջում տեղադրվել է նվերների վերաբերյալ գրառումը, որն էջի միակ ակտիվությունն է։
Էջն ունի ընդամենը 24 հետևորդ, բայց գրառումը մեկնաբանել և տարածել են հարյուրավոր հայ օգտատերեր։
«Սամսունգը» որպես առևտրային ընկերություն հիմնադրվել է 1938-ին, հետևաբար այս տարի լրանում է ոչ թե 84-րդ, այլ 86-րդ տարեդարձը։
«Սամսունգը» խանութներ չունի Հայաստանում։ Այստեղ գործում է ընկերության սպասարկման կենտրոնը, իսկ արտադրանքը բերվում է տարբեր ներկրողների կողմից։
Ըստ գրառման՝ անհրաժեշտ է մեկնաբանություններում շնորհավորել ընկերության ծննդյան 84-ամյակը, ապա տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում, որից հետո մասնակիցները կստանան նվերը։

«Սամսունգը»-ի վերաբերյալ նույն գրառմանը #CivilNetCheck-ը հանդիպել էր օրեր առաջ ևս, այդ էջը, սակայն, ներկայում գոյություն չունի։
Վերջերս նույնատիպ կեղծ գրառում՝ իբր մեքենա խաղարկելու վերաբերյալ տարածում էր «Coca-Cola Fans» ֆեյսբուքյան էջը։ #CivilNetCheck-ը պարզել էր, որ Coca-Cola ընկերությունը նման խաղարկություն չէր անում և գրառումները խարդախության նպատակ էին հետապնդում։
Ինչպե՞ս է տարածվում գրառումը
Մասնակիցներից պահանջվում է տարածել գրառումը 5-10 ֆեյսբուքյան խմբում՝ դրանով խարդախները բարձրացնում են գրառման դիտելիությունը։
Այս գրառումը ֆեյսբուքյան խմբերում տարածած Անահիտ Մաթոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նվերը ստանալու համար իրենից պահանջել են էլեկտրոնային փոստի հասցեն և բանկային տվյալները, ինչից հրաժարվել է։

Նմանատիպ էջերը վիրուսային կերպով տարածվում են օգատերերի միջոցով, բայց օրեր անց զեղծարարները անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո ջնջում են էջերը։
Նույնաբովանդակ գրառումներ են տարածվում են նաև այլ լեզուներով։

Այսպիսով, «Սամսունգը»-ը հեռախոսներ չի նվիրում, տարածվող գրառումների միջոցով խարդախները փորձում են անձնական և բանկային տվյալներ կորզել։
CivilNetCheck
Civilnet










