Կեղծ ակցիա՝ բանկերի անունից. խարդախության ալիքը շարունակվում է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում «Ինեկոբանկի» անունից ակտիվորեն տարածվում է գովազդ՝ հայտարարությամբ, թե բանկը հաճախորդներին տրամադրում է 20 000 դրամի բոնուս: Գովազդում օգտագործում են բանկի լոգոն և կեղծված բանկային ծանուցում:
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է բանկային կեղծ գովազդների ալիք։ Դրանք թիրախավորում են տարբեր բանկերի հաճախորդներին՝ օգտագործելով հայտնի ֆինանսական հաստատությունների անուններն ու լոգոները։

#CivilNetCheck-ը ստուգել է սոցցանցերում տարածվող նմանատիպ գրառումները և պարզել, որ դրանք կեղծ են և նպատակ ունեն հափշտակել մարդկանց բանկային տվյալները:
Կեղծ գովազդի բովանդակությունը և խարդախության սխեման
Սոցցանցերում նորաստեղծ էջերի կողմից տարածվող գովազդային գրառումների լուսանկարում ներկայացվում է իբր «Ինեկոբանկի» կողմից ուղարկված հաղորդագրություն, որում նշվում է «Դուք ապրում եք Հայաստանում? Օգտվում եք Ինեկո բանկից? Թողեք կարծիք մեր բանկի մասին և ստացեք 20.000Դ»։
Գրառումներին կցված հղումը տանում է դեպի կայք, որը արտաքինից նմանեցված է «Ինեկոբանկի» պաշտոնական կայքին։ Այստեղ պահանջվում է մուտքագրել բանկային տվյալներ՝ իբր գումարը ստանալու համար։

Իրականում այս կայքը ստեղծված է զեղծարարների կողմից՝ օգտատերերի անձնական և բանկային տվյալները գողանալու նպատակով։
«Ինեկոբանկն» արդեն իսկ պաշտոնապես հերքել է կապը այս գովազդի հետ և հայտնել, որ նման ակցիա չի իրականացնում, ինչպես նաև զգուշացրել իր հաճախորդներին՝ խուսափել նմանատիպ կասկածելի առաջարկներից և չտրամադրել անձնական տվյալներ:
Խարդախության նման սխեմաները հաճախ օգտագործում են նաև հայտնի բրենդների, պետական կառույցների կամ հայտնի անձանց անունները՝ վստահություն ներշնչելու և ավելի շատ զոհեր գրավելու նպատակով։
#CivilNetCheck-ն արդեն բազմիցս անդրադարձել է նմանատիպ խարդախություններին, որոնք թիրախավորում են տարբեր բանկերի հաճախորդներին և փորձում ստանալ նրանց անձնական և բանկային տվյալները։
Թեմա
CivilNetCheck
Civilnet










