Կենսաթոշակների մասին կեղծ գրառումներ. թիրախը մեծահասակներն են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ֆեյսբուքում տասնյակ էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ, թե 2024-ի նոյեմբերից կառավարությունը կբարձրացնի կենսաթոշակների չափը, իսկ տարեցները կօգտվեն անվճար բժշկական ապահովագրությունից։Գովազդային գրառումներում օգտագործվում են Հայաստանի պետական խորհրդանիշները և պետական պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Վահագն Խաչատուրյանի և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի լուսանկարները: Գրառումները ստացել են հարյուրավոր հավանումներ և տարածումներ։

Տեղեկությունը կեղծ է, թոշակների բարձրացում չի նախատեսվում
Կենսաթոշակները վերջին անգամ բարձրացվել են 2023-ի հուլիսին, և բարձրացում չի սպասվում ո՛չ 2024-ին, ո՛չ էլ 2025-ին։ Այս մասին 2024-ի նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում հայտնել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ 50 տարեկանից բարձր քաղաքացիների համար անվճար բժշկական ապահովագրության ծրագիր նախատեսված չէ:
Գրառումների պատկերներին կցված հղումները տանում են դեպի կասկածելի կայքեր, որոնց նպատակը կոմերցիոն գովազդի ցուցադրումն է։ Դրանցում այցելուներից չի պահանջվում անձնական և բանկային տվյալներ մուտքագրել։

Հատկանշական է, որ այս գովազդները հատկապես թիրախավորում են տարեցներին և թոշակառուներին։ Գովազդները կառուցված են այնպես, որ առավելագույնս գրավիչ լինեն այս տարիքային խմբի համար՝ նշելով թոշակների ավելացման և անվճար բժշկական ապահովագրության մասին:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրառումները տարածող էջերը կեղծ են, դրանց մեծ մասը ստեղծվել է վերջերս և կառավարվում է արտերկրից: Էջերում տեղադրված են տասնյակ գովազդներ տարբեր լեզուներով, որոնց թիրախը այլ երկրներում ապրող թոշակառուներն են։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող այս գովազդային գրառումները՝ կենսաթոշակների ավելացման և անվճար բժշկական ապահովագրության ծրագրի մասին կեղծ են։ Դրանք նպատակ ունեն շահագործել մեծահասակների սոցիալական խոցելիությունը՝ գովազդային դիտումներից եկամուտ ստանալու համար։
CivilNetCheck
Civilnet










