Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում կրկին ակտիվացել են IDram վճարային համակարգի անունից կեղծ գրառումներ տարածող էջերը։ Գրառումներից մեկի համաձայն՝ IDram-ը 20,000 դրամ է վճարում հարցմանը մասնակցելու համար։
«Օգտվու՞մ ես Rocketline-ից։ Անցիր հարցում։ Ստացիր 20,000 դրամ»,- նշված է գրառման մեջ։
Տարածվող մյուս գրառումը նախատոնական մրցանակների վերաբերյալ է. իբր 100,000 դրամ է տրվում «հաստատված օգտվողներին»։
Ի՞նչ է հայտնի IDram-ի կեղծ հարցումների վերաբերյալ գրառումներ տարածող էջի մասին
Գրառումը տարածվում է Panhe Hauji անվանումով ֆեյսբուքյան էջով, որը նախկինում պոռնագրաֆիկ բնույթի գովազդային գրառումներ է տարածել։ Իսկ տեսանյութերի գրությունները ուզբեկերեն են։ Այսինքն՝ ֆեյսբուքյան էջն այլ բնույթի գրառումներով նաև ուզբեկ օգտատերերի է թիրախավորել։

Հայաստանյան լսարանին թիրախավորող IDram-ի հարցման վերաբերյալ գրառումն արդեն տարածվում է դերասան Սոս Ջանիբեկյանի լուսանկարով՝ վստահություն ներշչելու համար, այնինչ դերասանը IDram-ի գովազդներում չի հանդիպում։

Չնայած գրառման մեջ նշվում է IDram-ի մասին, բայց կցված հղումը տանում է IDBank-ի կայքը նմանակող karukanon.com անվանումով կեղծ կայք, որտեղ օգտատերերից պահանջում են անձնական տվյալներ ներմուծել։
IDBank-ի իրական կայքի հասցեն idbank.am-ն է, իսկ IDram-ինը՝ idram.am-ը։ Նման դեպքերում կարևոր է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնին. որոշ դեպքերում կեղծ կայքերի դոմեյները միանգամայն տարբեր են, ինչպես այս դեպքում։ Որոշ դեպքերում, սակայն, զեղծարարները մեկ կամ մի քանի նիշի տարբերությամբ նմանակում են իրական կայքի դոմեյնը՝ օգտատերերին շփոթեցնելու համար։

Ի դեպ, նախկինում ևս IDram-ի անունից կեղծ գրառումներ են տարածվել հարցմանը մասնակցելու դիմաց գումար ստանալու խոստումով, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Ի՞նչ է հայտնի IDram-ի նախատոնական մրցանակների վերաբերյալ կեղծ գրառումներ տարածող էջերի մասին
Նոր տարվա նախաշեմին տարբեր ընկերություններ բազմաթիվ զեղչեր և մրցանակներ են տալիս հաճախորդին, այս շրջանում ակտիվանում են նաև զեղծարարները։
Arm Fire և Armenia Bolo անվանումներով ֆեյսբուքյան էջերը IDram-ի անունից գրառումներ են տարածում՝ հայտարարությամբ, թե IDram-ը 100,000 դրամ նախատոնական մրցանակ է տալիս հաճախորդներին։
«Նախատոնական մրցանակ Իդրամ բանկից. 100,000 դրամ։ Միայն հաստատված օգտվողների համար»,- նշված է գրառման մեջ։
Գրառման մեջ նշված է, որ մրցանակը տալիս է Իդրամ բանկը, այնինչ այդպիսի անվանումով բանկ չկա Հայաստանում: Գործում է IDBank-ը, որը IDram ընկերության հետ ID Group-ի մաս է կազմում, իսկ IDram-ը վճարային համակարգ է։
Գովազդային գրառումներում ցուցադրվում է www.idram.am հղումը, որը IDram-ի պաշտոնական կայքն է, ինչը կարող է շփոթեցնել օգտատերերին։ Մինչդեռ հղումը տանում է բոլորովին այլ՝ barminea.com կայք, որը ֆիշինգային կայք է և օգտատիրոջից անձնական և բանկային տվյալներ է կորզում։

Նախկինում ևս ֆեյսբուքյան այլ էջերով տարածվել են նույնաբովանդակ գրառումներ IDram-ի անունից, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
IDram-ը ևս իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հերքել է կապը կեղծ էջերի ու խաղարկությունների հետ։
Այսպիսով, IDram-ի անունից տարածվող գրառումները հարցմանը մասնակցելու դիմաց գումար ստանալու և 100,000 դրամ նախատոնական մրցանակի վերաբերյալ, կեղծ են։
CivilNetCheck
Civilnet











