Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Յունիբանկ»-ի անունից` հայտարարությամբ, թե բանկն ամանորյա մրցույթ է անցկացնում։
«Անվճար ամանորյա նվեր։ Ռուլետկա Յունիբանկից։ Շահեք անվճար մրցանակներ, դրամաներ։ Անցեք, փորձեք ձեր բախտը»,- նշված է գրառման մեջ։
Կեղծ գովազդային տեքստը, հավանաբար, ստեղծվել է առցանց թարգմանչի՝ օրինակ՝ Google Translate-ի միջոցով, քանի որ տեքստում ակնհայտ սխալներ կան։
Ու՞ր է տանում կեղծ գրառումը
Հրապարակումը տարածվում է դեկտեմբերի 23-ին ստեղծված Aur Bis ֆեյսբուքյան էջով։
Կցված հղումը տանում է «Յունիբանկ»-ի կայքը նմանակող կեղծ էջ։ Ենթադրաբար, այս կայքը նախկինում օգտագործվել է IDram-ի անունից կեղծ գրառումներ տարածելու համար, քանի որ վերևում երևում է IDram վճարային համակարգի տարբերանշանը, որի անունից էլ պարբերաբար կեղծ խաղարկություններ են տարածվում։

Կայք այցելելուց հետո համակարգը պահանջում է մուտքագրել բանկային տվյալներ՝ իբր «պարգևը» ստանալու համար։

«Յունիբանկ»-ից ևս զգուշացնում են զեղծարարության մասին
«Յունիբանկ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Unibank OJSC-ին է։ Բանկն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում զգուշացրել է տարածվող խարդախության մասին՝ կոչ անելով հաճախորդներին չարձագանքել չստուգված հղումներին և չմուտքագրել բանկային տվյալներն անհայտ աղբյուրներում։

Այսպիսով, «Յունիբանկ»-ի անունից տարածվող մրցանակի վերաբերյալ գրառումը կեղծ է և նպատակ ունի խարդախության միջոցով կորզել քաղաքացիների բանկային տվյալները։
CivilNetCheck
Civilnet











