Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական համագործակցության փաստաթուղթ

Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն» կոչվող փաստաթուղթը։
Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած արարողությանը փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ստորագրության արարողությունից առաջ իր ելույթում պետքարտուղար Բլինքենն ասաց, որ ԱՄՆ-ի և Հայաստանի համապարփակ գործընկերությունը չորս հիմնական հենասյուն ունի՝ տնտեսական համագործակցություն, անվտանգության և պաշտպանության համագործակցություն, ժողովրդավարական զարգացում և մարդկանց միջև փոխանակումներ:
Նա նշեց, որ տնտեսական ոլորտի կարևոր շեշտադրումներից է առաջիկա բանակցությունները «123-րդ համաձայնագրի» շուրջ, որը նոր էջ է բացում երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մեջ: («123-րդ համաձայնագիրը» ԱՄՆ-ի և այլ երկրների միջև իրավական դաշտ է ստեղծում խաղաղ միջուկային համագործակցության համար, ներառյալ միջուկային նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցումը՝ խիստ անվտանգության և վերահսկողության երաշխիքներով):
Բլինքենը նշեց նաև Հայաստանի սահմանային անվտանգությունը ամրապնդելու քայլերի մասին: Ըստ նրա՝ ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության թիմը հաջորդ ամիս կայցելի Հայաստան՝ կարողությունների զարգացման աջակցության նպատակով:
Գործընկերությունը հիմնվում է նաև առկա ռազմական համագործակցության վրա, որոնց թվում են «Արծիվ գործընկեր» երկկողմ տարեկան զորավարժությունները:
Հայաստանը համաձայնագրով միանում է նաև Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային՝ դառնալով միջազգային անվտանգության այդ դաշինքի 88-րդ անդամը:
«Հայաստանի կառավարությունը ցուցաբերում է իրական հանձնառություն՝ կառուցելու ավելի արդար հասարակություն: Ես հատկապես ուզում եմ նշել վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության կատարած աշխատանքը՝ կարևոր ոլորտներում բարեփոխումների մասով, հատկապես արդարադատության և իրավապահ համակարգում: Անցյալ ամիս Պետքարտուղարությունում մենք պատիվ ունեցանք հանձնելու մեր հակակոռուպցիոն առաջնորդության մրցանակներից մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարում կատարած բացառիկ աշխատանքի համար»,- նշեց Բլինքենը:
«Ռազմավարական այս գործընկերությունը, որը մենք ստորագրում ենք, կնպաստի ավելի դիմակայուն, խաղաղ և անկախ Հարավային Կովկասի ձևավորմանը: Մենք դառնում ենք ավելի ու ավելի ուժեղ գործընկերներ, և կարծում եմ, որ դա բխում է մեր երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող տարածքների շահերից»,- ասաց Բլինքենը:
«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ապահովում է ամուր հիմք և մեր համագործակցությանը հաղորդում է ավելի մեծ հավակնություն»,- իր խոսքում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նկատելի զարգացում են արձանագրել՝ հասունանալով մինչև այն կետը, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև էական է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու համար»,- նշեց նա: «Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
«Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և դրա իրականացմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությանը՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,- ասաց Միրզոյանը:
«Թող այս կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև խորացող ռազմավարական հարաբերությունների վկայություն և որպես ճանապարհային քարտեզ՝ ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի համար»,- եզրափակեց Միրզոյանը:
Civilnet










