Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
«Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»:
Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ավելի քան 1000 կմ-ոց սահմանի առաջին՝ 12,5 կմ երկարությամբ հատվածը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում սահմանազատել են 2024-ի ապրիլին։
Civilnet











