Մոդիի այցը Վաշինգտոն. Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների նոր էջ են բացում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի անցյալ շաբաթվա այցը Միացյալ Նահանգներ նշանավորում է աշխարհի երկու խոշորագույն ժողովրդավարությունների միջև խորացող հարաբերությունների կարևոր հանգրվան, գրում է հնդկական Global Order թերթը։
Նրա հանդիպումները նախագահ Դոնալդ Թրամփի և այնպիսի առանցքային դեմքերի հետ, ինչպիսին է Իլոն Մասկը, վկայում են աճող գործընկերության մասին, որը շատերն այժմ անվանում են Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների ոսկե դար:
Մոդիին Վաշինգտոնում ջերմ ընդունելության արժանացավ: ԱՄՆ վարչակազմը կարմիր գորգ էր փռել՝ Սպիտակ տանը պատվո պահակախմբի շարքով նրա այցը պատվելու համար: Հանդիսավոր ընդունելությունն ավելի ընդգծվեց հնդկական սփյուռքի ողջույններով, որոնք մեծ թվով հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հնդկաստանի ղեկավարին:
Ռազմավարական մերձեցում և տնտեսական համագործակցություն
Հնդկա-ամերիկյան ամրացող հարաբերությունների հիմքում ռազմավարական մերձեցումն է մի քանի ուղղություններով։
1. Պաշտպանություն և անվտանգություն։ ԱՄՆ-ը Հնդկաստանին դիտարկում է որպես առանցքային դաշնակից Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ազդեցությանը հակազդելու գործում: Այս տեսլականը հանգեցրել է պաշտպանական համագործակցության ընդլայնմանը, ներառյալ նշանակալի բիզնես համաձայնագրեր, ինչպիսիք են ամերիկյան General Electric-ի և հնդկական Hindustan Aeronautics-ի միջև գործընկերությունը և ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի վաճառքը Հնդկաստանին:
2. Առևտուր և տնտեսություն։ Չնայած մաքսատուրքերի շուրջ նախկին լարվածությանը, երբ Թրամփը Հնդկաստանն անվանում էր «մաքսատուրքերի թագավոր», վերջին զարգացումները վկայում են այս խնդիրները հարթելու պատրաստակամության մասին: Հնդկաստանը պատրաստակամություն է ցուցաբերել նվազեցնել ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ նպատակ ունենալով բարելավել առևտրային հարաբերությունները: Մոդիի այցի ընթացքում քննարկումները վերաբերում էին նաև պաշտպանական սարքավորումների և համատեղ արտադրված ռեակտիվ շարժիչների հետ կապված հնարավոր գործարքների:
3. Էներգետիկ համագործակցություն։ Էներգետիկ անվտանգությունը մնում է առանցքային թեմա, քանի որ Հնդկաստանը ձգտում է ավելացնել ամերիկյան նավթի և հեղուկ գազի ներմուծումը: Այս քայլը ոչ միայն բավարարում է Հնդկաստանի աճող էներգետիկ կարիքները, այլև օգնում է հավասարակշռել երկու երկրների միջև առևտրային դինամիկան:
Հանդիպումներ տեխնոլոգիական առաջնորդների հետ
Մոդիի այցի կարևոր պահերից էր նրա հանդիպումը Tesla-ի և SpaceX-ի տնօրեն Իլոն Մասկի հետ: Նրանց քննարկումների առանցքում մի շարք թեմաներ էին, այդ թվում՝ տիեզերական հետազոտությունների, շարժունակության, տեխնոլոգիաների և նորարարության հարցերը: Մասկը Մոդիին հանդիպելու էր եկել իր երեխաների ուղեկցությամբ։ Նրան հետաքրքրում էր նորարար տեխնոլոգիաների և ձեռներեցության ոլորտում համագործակցությունը:
Անձնական դիվանագիտություն
Մոդիի և Թրամփի միջև անձնական դիվանագիտությունը վճռորոշ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սպիտակ տանը նրանց համատեղ մամուլի ասուլիսը վկայում էր դրա մասին: Մոդին, Թրամփին անվանելով «ընկեր», հիշեց իրենց նախկին հանդիպումները և լավատեսություն հայտնեց Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Թրամփը ևս ընդգծեց երկու առաջնորդների և երկրների միջև միասնությունն ու ընդհանուր տեսլականը:
Մարտահրավերներ
Չնայած այցը նշանավորվեց ջերմությամբ, այն զերծ չէր մարտահրավերներից: Թրամփի վարչակազմի վերջերս հայտարարած «փոխադարձ մաքսատուրքերի» մասին հայտարարությունը, որն ուղղված էր ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանող երկրներին, քննարկման կարևոր թեմա էր: Հրապարակումները վկայում են, որ այդ մաքսատուրքերը կարող են չազդել Հնդկաստանի վրա. ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերոջ նկատմամբ առևտրային քաղաքականության նրբին մոտեցում ունի։
Հայացք առաջ
Մոդի-Թրամփ մտերմությունը նշանակում է ավելին, քան պարզապես անձնական ընկերությունը. այն արտացոլում է ռազմավարական ներդաշնակեցում, որը խոստանում է ձևավորել 21-րդ դարի աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Երկու երկրներն անցնում են գլոբալ քաղաքականության բարդությունների միջով։ Նրանց ամրապնդված գործընկերությունը բխում է կայունության և ժողովրդավարական արժեքների ընդհանուր շահերից:
***
Վարչապետ Մոդիի այցը ԱՄՆ և նրա հանդիպումները նախագահ Թրամփի և Իլոն Մասկի հետ համագործակցության և փոխադարձ հարգանքի նոր դարաշրջան են բացում: Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների ոսկե դարը ոչ թե պարզապես դիվանագիտական քաղաքավարություն է, այլ փաստացի իրականություն՝ պայմանավորված ընդհանուր շահերով, ռազմավարական մերձեցմամբ և առաջնորդների միջև անձնական փոխըմբռնմամբ:
Ռիշի Սուրի, հնդկական Global Order թերթի վերլուծաբան
Թեմա
Civilnet










