Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին

Չինաստանը հայտարարել է 2025-ի իր պաշտպանական բյուջեն 7,2%-ով ավելացնելու մասին: Պեկինը իր ռազմական ծախսերի աճի տեմպը պահպանում է ճիշտ նույն տոկոսով, ինչ նախորդ տարի։ Չինաստանի 2025-ի պաշտպանական բյուջեն կաճի մինչև 249 մլրդ դոլար (մոտ 1,8 տրլն յուան): Այն պաշտպանական ծախսերով աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին:
«Պեկինը պաշտպանական բյուջեի թիրախային աճը սահմանում է յուրաքանչյուր հինգ տարվա համար: Այն փոփոխվում է ըստ ինֆլյացիայի կամ արտակարգ իրավիճակների, եթե անհրաժեշտություն է լինում: 2001-ից մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նրանք ծրագրում էին բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և գրեթե հասան դրան: 2010-ից ի վեր Չինաստանը ծրագրել է բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր տասը տարին մեկ: Հայտարարված տարեկան բյուջեի թիվը վերևից ներքև է, ոչ թե ներքևից վերև: Օրինակ՝ 2014-ին՝ 112 մլրդ դոլար, 2024-ին՝ 230 մլրդ դոլար»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության սպա և ԿՀՎ պաշտոնաթող վերլուծաբան Ջոն Կալվերը։
Չինաստանի խորհրդարանի՝ Համաժողովրդական ներկայացուցիչների ժողովի 2,977 անդամները մարտի 5-ին հաստատել են այս բյուջեն և Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացրած մյուս ծախսերը:
Չինաստանի այս տարվա բյուջեն վկայում է, որ տասը տարի առաջվա երկնիշ աճը վաղուց անցյալում է: Իրականում, սա տասներորդ տարին է անընդմեջ, երբ պաշտպանական ծախսերի աճը միանիշ է: Միաժամանակ, Չինաստանի տնտեսությունը փորձում է պահպանել աճը. ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5% առաջիկա տարում՝ նույնը, ինչ ակնկալվում էր վերջին երկու տարիների ընթացքում: 7,2% աճով ռազմական բյուջեն ՀՆԱ-ի ընդհանուր կառուցվածքում 1,5%-ից ցածր է:
Չինաստանի խորհրդարանի նախագահ Լոու Ցինցզյանն ասել է, որ իրենք պաշտպանական ծախսերի տոկոսը ՀՆԱ-ում 1,5%-ից ցածր են պահել շատ տարիների ընթացքում, ինչը աշխարհի միջինից ցածր է:
Այնուամենայնիվ, Չինաստանի պաշտպանական պաշտոնական բյուջեից դուրս են ֆինանսավորման այլ ուղղություններ, որոնք հատկացված են պաշտպանությանն առնչվող այլ գործողությունների, օրինակ՝ բանակի կողմից ղեկավարվող տիեզերական ծրագրին, պաշտպանական մոբիլիզացիայի ֆոնդերին, նահանգային ռազմական բազաների գործարկման ծախսերին, ռազմական կենսաթոշակներին և նպաստներին և քաղաքացիական/երկակի նշանակության գիտական հետազոտություններին ու մշակումներին: Պաշտպանական բյուջեն չի ներառում նաև կիսառազմական խոշոր կազմակերպությունների բյուջեները, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական զինված ոստիկանությունը և Չինաստանի ափապահ պահակախումբը, որոնք հսկայական ուժեր են՝ ի լրումն Չինաստանի ժողովրդական բանակի:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) գնահատմամբ՝ Չինաստանի 2023-ի իրական պաշտպանական բյուջեն 37%-ով ավելի է եղել, քան հայտարարվածը, իսկ բրիտանական Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաշվարկներով՝ այն 42%-ով ավելի է պաշտոնապես հայտարարվածից: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե որքան է մեծ անհամապատասխանությունը Չինաստանի հայտարարված և փաստացի պաշտպանական ծախսերի միջև: 2023-ին Պենտագոնը գնահատում էր, որ Պեկինի իրական ծախսերը կարող են 30-40%-ով ավելի լինել պաշտոնականից:
Չինաստանի ՊՆ խոսնակ Վու Ցյանը, իր երկրի պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորելով գլոբալ պաշտպանական ծախսերի աճով, նշել է, որ ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի աճը մտահոգիչ է. «Միացյալ Նահանգները պետք է առաջինը լինի, որ կրճատի իր միջուկային զինանոցը և ռազմական ծախսերը, և գործնականում այս առումով իրականացնի «Ամերիկան առաջինը» կարգախոսը»:
Չինական պետական «Սինխուա» գործակալությունը ևս նշում է, թե իրենց «քաղաքականությունը բնույթով պաշտպանական է, և Չինաստանի ռազմական ծախսերը հիմնականում կենտրոնանում են երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանության վրա»: Ըստ գործակալության՝ Չինաստանի զարգացումը ամրապնդում է խաղաղության համաշխարհային ուժը, և իրենք երբեք չեն ձգտի հեգեմոնիայի կամ էքսպանսիայի՝ անկախ նրանից, թե զարգացման որ փուլին կհասնեն:
«Քանի որ Չինաստանը գնալով ավելի կարևոր դեր է խաղում համաշխարհային ասպարեզում՝ նրա զինվորականությունը ստանձնել է ավելի մեծ պատասխանատվություն՝ միջազգային հանրությանն ավելի շատ հանրային անվտանգության բարիքներ ապահովելու համար: Տարիների ընթացքում չինական զինվորական անձնակազմը հաճախ միացել է միջազգային մարդասիրական աջակցության և աղետների օգնության ջանքերին՝ նշանակալիորեն նպաստելով գլոբալ կայունությանը»: Ըստ «Սինխուա» գործակալության՝ Չինաստանը ավելի քան 50,000 խաղաղապահ ունի, որոնք ուղարկվել են ավելի քան 20 երկիր վերջին 30 տարվա ընթացքում, և «որպես այդպիսին՝ այն գլոբալ խաղաղության խոշորագույնաջակիցն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մեջ»:
Չինաստանի ռազմական ծախսերը ավելի են, քան հնդկա-խաղաղօվկիանոսյան բոլոր երկրներինը՝ միասին
Այնուամենայնիվ, Չինաստանի՝ անգամ պաշտոնական 249 մլրդ դոլար ռազմական բյուջեն ավելի է, քան հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 22 երկրներինը միասին վերցրած։ Այդ երկրների թվում են նաև Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Թայվանը:
Ինչի՞ վրա է Չինաստանը ծախսում գումարը։ Բյուջեն թափանցիկության լուրջ խնդիր ունի, քանի որ չկան հստակ բաժանումներ ծախսերի ուղղությունների վերաբերյալ: Չինաստանի ՊՆ խոսնակի խոսքով՝ «ավելացված ծախսերը հիմնականում կուղղվեն նոր ոլորտների ուժերի զարգացմանը, ինչպես նաև հետախուզության և վաղ նախազգուշացման, համատեղ հարվածների, ռազմադաշտի աջակցության և ինտեգրված լոգիստիկ աջակցության համակարգերի ու կարողությունների բարելավմանը»: Բացի այդ, միջոցներ կներդրվեն զորավարժությունների կատարելագործման և ազգային պաշտպանության ու զինվորական բարեփոխումների խորացման համար:
Վուն նշել է, որ «չինացի զինվորականները դիմակայում են դժվար մարտահրավերների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում»: Նա պնդել է, որ Չինաստանը աշխարհում ամենաբարդ պերիֆերիկ անվտանգության միջավայրերից մեկն ունի:
Միջուկային սպառազինությունը կազմում է Չինաստանի ռազմական ծախսերի էական մասը։ Նոր հրապարակված արբանյակային լուսանկարները վկայում են, որ Չինաստանը, ըստ ամենայնի, ավիակիր չորրորդ նավն է կառուցում Դալյանում: Կան վկայություններ, որ դա կլինի Չինաստանի առաջին՝ միջուկային էներգիայով աշխատող ավիակիրը:
Խորհրդարանում իր ելույթում Սի Ծինփինը շեշտել է համատեղ քաղաքացիական-զինվորական նախաձեռնությունների ուժեղացման անհրաժեշտությունը և արդյունավետ վերահսկողության համակարգի իրականացումը կոռուպցիան հետաքննելու համար: Չինական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սին կոչ է արել ջանք չխնայել բարելավելու արագ արձագանքման և առաջադեմ տեխնոլոգիաների արագ փոխակերպման մեխանիզմը:
Այս տարին Չինաստանը նշում է իր 14-րդ հնգամյա պլանի (2021-25) ավարտը: Սի Ծինփինը «կոչ է արել ջանքեր գործադրել վստահությունը ամրապնդելու, մարտահրավերներին դիմակայելու և զարգացման բարձր պահանջները բավարարելու՝ հաստատված նպատակներին և խնդիրներին ժամանակին հասնելու համար»:
Թայվանի խնդրի սրացում
Չինաստանի վարչապետ Լի Ցյանգն էլ նշել է, որ իրենք հետապնդում են Թայվանի հարցի խաղաղ լուծում, և Պեկինը «վճռականորեն դեմ է» Թայվանի պաշտոնական անկախության որևէ պահանջի և դրան օտար երկրների աջակցությանը: Նա նաև ասել է, որ Չինաստանը վճռականորեն կառաջ կտանի երկրի վերամիավորման գործը. «Կաշխատենք մեր թայվանցի հայրենակիցների հետ՝ իրականացնելու չինացի ազգի վերածննդի փառավոր գործը»։ Սա վկայում է Թայվանի խնդիրը սրելու Չինաստանի մտադրությունների մասին:
Թայվանի նախագահ Լայ Չինգ-Տեն պնդում է, որ միայն թայվանցիները կարող են որոշել իրենց ապագան. Պեկինը իրենց չի կարող պարտադրել իր օրակարգը: Նա առաջարկել է բանակցություններ վարել Չինաստանի հետ, սակայն Պեկինը մերժում է՝ համարելով անջատողական: Ընդհանուր առմամբ, Չինաստանի տոնը Թայվանի հարցում այս տարվա կառավարության աշխատանքային զեկույցում շատ չի փոխվել:
Թայվանը անհանգստացած, թե ինչպես ԱՄՆ-ն լքեց Ուկրաինային, որն այժմ ավելի խոցելի է Ռուսաստանի հարձակման առջև։ «Թայվանն այլևս չի կարող վստահ լինել ամերիկյան օգնության հարցում, հետևաբար ծրագրում է ավելացնել պաշտպանական ծախսերը արագ փոփոխվող միջազգային իրավիճակի և հակառակորդների սպառնալիքների սրման պայմաններում»,- ասել է Թայվանի պաշտպանության նախարար Վելինգթոն Լի-Հսիունգ Կուն:
Ուշագրավ հեգնականությամբ, Չինաստանի վարչապետ Լին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրենց երկրների խորհրդարանների առջև ուղերձներ ունեցան նույն օրը: Իր ելույթում Թրամփը վեց անգամ հիշատակեց Չինաստանը՝ կապված «անարդար» մաքսատուրքերի հետ, բայց նա Պեկինին չհիշատակեց որպես ռազմավարական սպառնալիք:
Բրուքինգս ինստիտուտի «Ջոն Թորնթոն Չինաստանի կենտրոնի» տնօրեն Ռայան Հասի կարծիքով՝ Չինաստանի վարչապետ Լի Ցյանգի հիմնական ուղերձն էր համոզելը, որ վստահություն ունենան Չինաստանին ընթացքի նկատմամբ: «Նա մատնացույց արեց Չինաստանի տնտեսական աճի և բարեկեցության բարելավման կայուն առաջընթացը: Ելույթի կարճ բնութագիրն այն էր, որ Չինաստանի կոմկուսը ձգտելու է առաջընթացի՝ միաժամանակ ապահովելով կայունությունը: Լին խոստացավ գալիք տարում միջոցներ ձեռնարկել ՉԺՀ տնտեսական աճին աջակցելու համար, ինչպիսիք են ավելի ակտիվ հարկաբյուջետային քաղաքականությունը, ավելի հարմարավետ դրամավարկային քաղաքականությունը, սպառմանն ավելի մեծ աջակցությունը, նորարարության խթանումը կրթության և գիտական հետազոտությունների ներդրումների միջոցով և այլն»:
Ուշագրավ է, որ Լին ուղղակի հղումներ չի արել ԱՄՆ-ին, թեև անուղղակիորեն խոսել է «հեգեմոնիզմի և ուժի քաղաքականության» մասին: Ամերիկյան մաքսատուրքերին նույնպես անդրադարձ չի եղել: Պեկինում կարծես թե հանգիստ են ընդունում, որ առևտրային պատերազմ է մոտենում:
Ռայան Հասը նշում է, որ Պեկինը թերևս կենտրոնացած է անհանգիստ ժամանակաշրջանին պատրաստվելու վրա. «Երկու կողմերն էլ, թվում է, գործնականում համբերություն են ցուցաբերում և աշխատում են ամրապնդել սեփական դիրքերը, քանի որ հիմքեր են ստեղծում գալիք ամիսներին Թրամփի և Սիի հանդիպման համար, որտեղ երկու առաջնորդները կսահմանեն ուղղությունը, առաջնահերթությունները և հարաբերությունների փառասիրության մասշտաբը»:
Այնուամենայնիվ, այլ հարթություններում կշտամբանք կար: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացում արեց, որ «եթե պատերազմ է այն, ինչ ԱՄՆ-ն ուզում է, լինի դա մաքսատուրքերի պատերազմ, առևտրային պատերազմ կամ որևէ այլ տեսակի պատերազմ, մենք պատրաստ ենք կռվել մինչև վերջ»: Այս հայտարարությունը եղավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն 20% մաքսատուրքեր սահմանեց չինական ներմուծումների վրա: Պեկինն էլ հայտարարեց ամերիկյան ապրանքների վրա հակընդդեմ՝ 10-15% մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք ուժի մեջ են մտել մարտի 10-ից: Չինաստանի ԱԳՆ-ն X-ում հաղորդագրություն թողեց. «Վախեցնելը չի վախեցնում մեզ: Ճնշումը չի աշխատում մեզ վրա: Ճնշումը, հարկադրանքը կամ սպառնալիքները ճիշտ ձևը չեն Չինաստանի հետ վարվելու»:
Հոդվածի անգլերեն բնօրինակը Beijing Bulletin-ում՝ China continues to hike its defense expenditure
Թեմա
Civilnet










