Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ գրառումներ, որոնք խոստանում են տարբեր նվերներ և թանկարժեք իրեր:
«Yerevan City Supermarkets.» անվամբ ֆեյսբուքյան էջում մայիսի 24-ին հայտնվել է գրառում, որում նշվում է, թե իբր սուպերմարկետը ծննդյան տարեդարձի կապակցությամբ օգտատերերին հնարավորություն է տալիս շահել սմարթֆոններ, կանխիկ գումար և այլ նվերներ։ Անհրաժեշտ է պարզապես մեկնաբանության դաշտում գրել «Շնորհավորում եմ»:
Գրառումն արդեն հավաքել է ավելի քան 2,300 մեկնաբանություն և 4,300 տարածում: Մեկնաբանություն թողնող օգտատերերին ավտոմատ համակարգը հաղորդագրություն է ուղարկում՝ խնդրելով ստուգել իրենց անձնական նամակները:
Գրառման արխիվացված տարբերակը | Archive.today
Ինչպե՞ս է գործում խաբեության սխեման
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նմանատիպ կեղծ գրառումներ տարածվում են տարբեր երկրներում գործող սուպերմարկետների անուններից՝ օգտագործելով միևնույն մեթոդը:
Կեղծ էջերի գործելաոճը հետևյալն է. նախ օգտատերերին հորդորում են տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում, ինչը բարձրացնում է դրա տեսանելիությունը, այնուհետև ուղարկում են ֆիշինգային կայքի հղում, որի միջոցով խարդախները հափշտակում են անձնական կամ բանկային տվյալներ:

Նախորդ անգամ «Երևան Սիթիի» անունից տարածվող կեղծ գրառումները կենցաղային տեխնիկա նվիրելու և հեռուստաէկրաններ խաղարկելու վերաբերյալ էին: Օգտագործվող լուսանկարները նույնական էին այլ լեզուներով տարածվող կեղծ խաղարկություններում:

Կեղծ գրառման մեջ օգտագործված լուսանկարներից մեկը, որում պատկերված են «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները տոնական տորթով, իրականում վերցված է սուպերմարկետի պաշտոնական էջից՝ 2023-ի փետրվարի 10-ի հրապարակումից: Սակայն այդ օրը որևէ խաղարկություն չի իրականացվել:
Մյուս նկարը, որտեղ պատկերված են իբր խաղարկվող iPhone-ները, վերցված է համացանցից և օգտագործվում է նաև այլ երկրների քաղաքացիներին թիրախավորող նմանատիպ կեղծ էջերի կողմից:

«Երևան Սիթի»-ն հերքում է կապը կեղծ խաղարկությունների հետ
Ավելի վաղ՝ 2025-ին հունվարին CivilNetCheck-ը արդեն անդրադարձել էր նմանատիպ խաբեության դեպքերին, և «Երևան Սիթի»-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հերքել էր կապը նման էջերի և գրառումների հետ՝ հորդորելով խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից:
Տես՝ «Երևան Սիթի»-ն կենցաղային տեխնիկա չի նվիրում․ գրառումը կեղծ է
Այսպիսով, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից սոցիալական ցանցերում տարածվող խաղարկությունները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել օգտատերերին՝ անձնական տվյալներ և գումարներ կորզելու նպատակով:
CivilNetCheck
Civilnet











