Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա, ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` հաստատելով մամուլում շրջանառվող լուրերը վարչապետի՝ Թուրքիա այցի մասին։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշել է, որ Փաշինյանի այցը Թուրքիա իրականացվում է Էրդողանի հրավերով։
«Այցի փաստը կարող եմ հաստատել, սակայն մանրամասների համար դիմեք վարչապետի մամուլի ծառայությանը», - լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը՝ անվանելով այցը «պատմական»:
Ընդգծելով այցի կարևորությունը` Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է «նման մակարդակով այցելում Թուրքիա»:
Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել երկխոսությունը։
Վարչապետ Փաշինյանը 2023 թ. հունիսին այցելել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Civilnet











