Գլխավոր Լրահոս

Ռուս-ադրբեջանական սրացումներ՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության ֆոնին

Ռուս-ադրբեջանական սրացումներ՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության ֆոնին

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ չեղարկում է ռուսական բոլոր մշակութային միջոցառումները՝ այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները և ցուցահանդեսները, որոնք նախատեսվում էին անցկացնել Ադրբեջանում ռուսական պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից։ Այս որոշումը, ըստ նախարարության, կայացվել է՝ «հաշվի առնելով էթնիկ պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացված դիտավորյալ և արտադատական բռնությունների ու սպանությունների փաստերը Եկատերինբուրգի մարզում»։ Մշակույթի նախարարությունը նաև ընդգծել է, որ նման դեպքերը դարձել են համակարգային։

Նաև չեղարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Բաքու։ Ազգային ժողովի պատգամավոր Նիգյար Մուհամմեդովան հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում Ադրբեջանի կառավարությունը նման այցելությունները նպատակահարմար չի համարում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հղել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված հունիսի 27-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած խուզարկությունների և ձերբակալությունների հետ։ Ըստ Բաքվի՝ այդ օրերին ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել, երկու եղբայր՝ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները սպանվել են, և մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ռուսաստանի ՆԳՆ-ն և Քննչական կոմիտեն հայտարարել են, որ ձերբակալությունները կապված են քրեական գործի հետ՝ սպանությունների վերաբերյալ, որոնք իրականացվել են 2001-2011 թվականներին։ Սակայն Բաքվի և Մոսկվայի հաղորդագրությունները դեպքերի վերաբերյալ զգալիորեն տարբեր են։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվին տրվել են համապատասխան բացատրություններ, մինչդեռ ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը այս գործողությունները գնահատել է որպես «ազերների արտաքսման օպերացիա»՝ հնարավոր քաղաքական դրդապատճառով։

Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, Բաքվում գտնվող Sputnik Ադրբեջան լրատվական գործակալության գրասենյակում իրականացվում է ոստիկանության հատուկ գործողություն։ Իրավապահները դեռ չեն բացահայտել գործողության պատճառներն ու մանրամասները՝ խոստանալով տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։

Ռուսական կողմը հայտնում է, որ արդեն ավելի քան երկու ժամ ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել այնտեղ գտնվող լրագրողների հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Ադրբեջանական կողմը չի թույլատրում ռուս դիվանագետներին հանդիպել լրագրողներին՝ առանց որևէ բացատրության»։

Այս հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջան լրատվական գործակալության երկու աշխատակից է ձերբակալվել։ Ադրբեջանը նրանց մեղադրում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության հետ աշխատելու համար։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ Կրեմլն ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կայացված որոշումների համար։

Պեսկովը հավելել է, որ իրավապահ մարմինների աշխատանքը չպետք է դեմարշների պատճառ դառնա։

Ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմ

Բաքվում հիշեցրել են ռուսական զորքերի դերը 1990-ի Բաքվի ցույցերի ճնշման և 1992-ի Խոջալուի ջարդի ժամանակ։ Հակադարձելով՝ ռուսական քարոզչական շրջանակները կոշտ քննադատություն են հնչեցրել նախագահ Իլհամ Ալիևի հասցեին։

Ավելի վաղ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2024-ի դեկտեմբերին, Բաքվից Գրոզնի ուղևորվող AZAL ավիաընկերության օդանավն ընկել էր  Ռուսաստանի օդային տարածքում, ինչի համար Ալիևը մեղադրել էր Ռուսաստանին՝ հայտարարելով, որ ՌԷՊ միջոցների կիրառման արդյունքում օդանավը դուրս է եկել կառավարման վերահսկողությունից։

Դրանից հետո Բաքուն կրճատել է ռուսաստանցիների մուտքի օրինական ժամկետը, փակել է «Ռուսական տունը» և ժամանակավորապես դադարեցրել Բի-բի-սի ադրբեջանական ծառայության բաքույան գրասենյակի աշխատանքը։ Փակվել են նաև USAID-ի, ՄԱԿ-ի որոշ կառույցների, Կարմիր խաչի և Transparency International-ի ներկայացուցչությունները։

2024-ի ընթացքում Ադրբեջանը Ուկրաինային տրամադրել է շուրջ 40 մլն դոլարի աջակցություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում