«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնեց Ավդալյանը:
Ավդալյանը նշեց, որ Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Հուլիսի 2-ին էլ Քննչական կոմիտեն անհետաձգելի քննչական գործողություններ էր իրականացրել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ Արդյունքում 2 անձ կալանավորվել է, ևս 2-ի նկատմամբ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ 4 անձի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանն իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
Կարապետյանի կալանավորման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet











