Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվեց համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը, որը ձևակերպվել է երեք օրինակով, Թրամփը ստորագրել է որպես վկա։ Կողմերը հաստատել են խաղաղության, բարեկեցության և կայունության ուղին՝ որպես տարածաշրջանային հարաբերությունների նոր մեկնարկային կետ։
Ինչի՞ մասին է հռչակագիրը
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հռչակագիրն անվանեց խաղաղության պայմամագրի նախաստորագրում։
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են և խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։
Եռակողմ հռչակագրով կողմերը վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը»,- նշված է հռչակագրում։
Հայաստանն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Թրամփը հանդիպման ժամանակ շեշտել է, որ նախագծվող հատուկ տարանցիկ գոտին՝ TRIPP-ը, «կթույլատրի Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ունենալ Նախիջևանին՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
«Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է Թրամփը։
Կողմերը՝ հռչակագրի մասին
Թրամփը Վաշինգտոնում կայացած հանդիպումը «պատմական» անվանեց. «Այս համաձայնագրով մենք ձգտում ենք խաղաղության։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր պատերազմները և հաստատել առևտուր, զբոսաշրջություն, դիվանագիտական հարաբերություններ և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Դա շատ կարևոր է։
35 տարի նրանք պատերազմել են, սակայն հիմա նրանք բարեկամներ են լինելու երկար ժամանակ»,- ասել է Թրամփը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հայտարարեց. «Այսօր հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն ունենալու հիմքեր ենք դնում»։
Նրա խոսքով՝ «խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ տալու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի վրա»։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Թրամփին՝ «անձնական միջնորդության և խաղաղության հանդեպ վճռական հանձնառության համար»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ սա «իսկապես պատմական նշանակության օր է»․ «Մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում։ Սկսվում է մեր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ՝ հսկայական հնարավորություն և մեծ պատասխանատվություն»։ Ալիևը հավելեց, որ եթե կողմերից որևէ մեկը «մտադրված հետքայլ ունենար, այստեղ չէր լինի», և այս պայմանավորվածությունները «կհանգեցնեն տևական, նույնիսկ հավերժ խաղաղության Հարավային Կովկասում»։
Civilnet











