Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ իր նախաստորագրած խաղաղության պայմանագիրը։

«Հաստատված խաղաղությունը ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում»,- երկուշաբթի ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարեց Փաշինյանը։

«Այս գործում, իհարկե, անգնահատելի է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Նոբելյան միջազգային կոմիտեին։ Բայց ուզում եմ վերադառնալ մեզ և արձանագրել, որ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակ ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում։ Մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում և այս փաստը պետք է գիտակցել»,- ասաց Փաշինյանը։

«Այսպիսին է և օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ հաստատված խաղաղությունը, և մենք պետք է ամենօրյա խնամք տանենք այդ խաղաղության նկատմամբ»։

Նա խոսեց նաև Ադրբեջանի մայր տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի վրայով անխոչընդոտ ճանապարհի մասին։

«Այս [խաղաղության] ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Ուշադրություն դարձրե՛ք՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»,- ասաց Փաշինյանը։

«Այս ծրագրի իրագործման արդյունքում մեր երկրի տարածքով կանցնեն միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր։ Այս ծրագիրը Խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր մասերից մեկն է դառնում»։

Փաշինյանի խոսքով՝ հռչակագրում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ «Ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երեսունամյա շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է։

ՀՀ օկուպացված տարածքների մասին

Փաշինյանը խոսեց նաև 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքների՝ Ադրբեջանի կողմից գրավման մասին։

«Վերջին տասը օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչ եղան կամ ի՞նչ են լինելու Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները»,- ասաց Փաշինյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ-ի տարածքի հետ, և Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։

«Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո. «Պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում»։ 

Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին 

Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը, սակայն  կան նաև առարկայական քննադատություններ, որոնցի առաջինը վերաբերում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայրենակիցների հարցը խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։

«Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022-ի գարնանը, և մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել, բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում, և այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից։ Եթե հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ։ Եվ մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա»։

Փաշինյանի խոսքով՝ այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։ 

Ղարաբաղի հարցի մասին

Երկրորդ առարկայական քննադատությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։ «Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռ 2025-ի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել եմ ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այդ տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն՝ դո՛ւք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն»։

Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղից տեղահանվածների ապագան տեսնում է Հայաստանում նրանց հաստատմամբ՝ Հայաստանի կառավարության և միջազգային հանրության աջակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում