Գլխավոր Լրահոս

Երբ եղանակը դառնում է սենսացիա. Գագիկ Սուրենյանը՝ կեղծ լուրերի թիրախում

Երբ եղանակը դառնում է սենսացիա. Գագիկ Սուրենյանը՝ կեղծ լուրերի թիրախում

Ֆեյսբուքյան գրառումներից մեկի մեկնաբանություններում օգտատերերը օդերևութաբան Գագիկ Սուրենյանին մեղադրում են հանրությանը ահաբեկելու մեջ։ 

«Հո դու ահաբեկի՞չ չես։ Ի՞նչ ես մարդկանց լեղաճաք անում…»,- գրառման տակ գրել է օգտատերերից մեկը։  

«Երկիր հայրենի» ֆեյսբուքյան էջի՝ ««Հետո չասեք՝ Սուրենյանը չի զգուշացրել». ահավոր է լինելու, սպասեք…» գրառումն է, որն առաջացրել է օգտատերերի զայրույթը։ Դրան կցված է Սուրենյանի լուսանկարը և Երևանի երկնքում կայծակի կադր։

Սակայն իրականում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսպիսի հայտարարություն չի արել։ Ֆեյսբուքյան կեղծ լրատվական էջերը շարունակում են օգտագործել հայտնի օդերևութաբանի անունը՝ դիտումներ հավաքելու և տարբեր ծառայություններ մատուցելու համար։ 

Երբ եղանակը դառնում է սենսացիայի գործիք

«Երկիր հայրենի» ֆեյսբուքյան էջը, որը գործում է 2021-ի հունվարից, ունի ավելի քան 252,000 հավանում ու 249,000 հետևորդ։ Այս էջը ողողված է սենսացիոն, սկանդալային տարբեր գրառումներով, որոնք մեծամասամբ կեղծ և հորինված պատմություններ ու լուրեր են։  

Օրինակ՝ վերոնշյալ գրառումից բացի նույն օրը՝ օգոստոսի 25-ին, մի քանի ժամ տարբերությամբ էջում ևս երկու գրառում է հայտնվել Սուրենյանի անունից, որոնց բովանդակությունը հակասում է միմյանց։ Մեկում ասվում է, թե օդերևութաբանը հայտնել է լավ լուր եղանակի մասին, որը «100 տարին մեկ է լինում», իսկ մյուսում՝ իբր կանխատեսել է ցուրտ օդային հոսանքների ներթափանցում և ջերմաստիճանի նվազում։

Էկրանապատկերում՝ «Երկիր հայրենի» ֆեյսբուքյան էջում օգոստոսի 25-ին հրապարակված գրառումները

Երեք գրառման դեպքում էլ Սուրենյանի հայտարարությանը ծանոթանալու համար օգտատերերին առաջարկվում է անցնել հղումով, որը տանում է դեպի տելեգրամյան ալիք, որտեղ էլ պահանջվում է միանալ խմբին՝ «մանրամասները» տեսնելու համար։

Այս ամենի նպատակը տելեգրամյան ալիքի հետևորդների թիվը մեծացնելն է։

Կեղծ լուրերի «ֆաբրիկա»՝ մեկ կենտրոնից

Միայն այս էջը չէ, որ նման կեղծ լուրերով մոլորեցնում է հանրությանը։ Բազմահազար հետևորդներ ունեցող «Հայրենիքի համը», «Բա չիմացաք», «Info Լուրեր», «Հայեր միացեք», «Լուրեր Info», «Իմացիր Առաջինը» և այլ էջեր պարբերաբար նման հորինված լուրեր են տարածում։ 

Օրինակ՝ օգոստոսի 23-ին այս բոլոր էջերը գրել էին, թե Սուրենյանը շոկային լուր է հայտնել ու սկսած այդ գիշերվանից «սպասվում է աննախադեպ եղանակային երևույթ, որը կարող է զարմացնել բոլորին»։ Այս դեպքում էլ Սուրենյանը նման հայտարարություն չէր արել։ 

Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս էջերում օգտագործվել էին նույն լուսանկարն ու տեքստը, իսկ բոլոր հղումները տանում էին դեպի նույն տելեգրամյան ալիքը։ Սա վկայում է, որ էջերը գործում են համակարգված՝ մի կենտրոնից։ 

Էկրանապատկերում՝ նույն օրը և նույն ժամին ֆեյսբուքյան տարբեր էջերում տարածված նույն գրառումները

#CivilNetCheck-ը նախկինում էլ բազմիցս անդրադարձել է ֆեյսբուքյան կեղծ լրատվականների այս գործելաոճին․ դրանք ընտրում են հանրությանը հայտնի անձանց և հետաքրքրություն ունեցող թեմաներ, հորինում սենսացիոն լուրեր և այդ կերպ փորձում եկամուտ ստանալ։ Սուրենյանի դեպքում կեղծ էջերը հատկապես օգտագործում են այն փաստը, որ նա լայնորեն ճանաչված է հայ հանրության շրջանում, իսկ եղանակը թեմա է, որը հետաքրքրում է բոլորին։

Սուրենյանը՝ իր անունից տարածվող կեղծ լուրերի մասին

Գագիկ Սուրենյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է իր անունից տարածվող կեղծ լուրերի տարափի մասին։ 

«Երևույթը տհաճ է, որովհետև այստեղ առաջինը խոցելին ազգաբնակչությունն է։ Նման սենսացիոն լուրերով անընդհատ լարվածության մեջ պահել մարդկանց՝ դարի շոգեր, դարի ցրտեր և այլն, շատ տգեղ ու վատ երևույթ է»,- նշեց օդերևութաբանը՝ ցավով արձանագրելով, որ շատերը հավատում են այդ լուրերին, քանի որ պարբերաբար հետևորդներն ուղարկում են հղումները և խնդրում մեկնաբանել։ 

Թեև այս երևույթն իրեն էլ է անհանգստացնում, սակայն Սուրենյանը նշում է, որ պայքարի գործիքները քիչ են, քանի որ նման լուրեր տարածող էջերը հարյուրավոր են։ 

«Ես բազմիցս իմ ֆեյսբուքյան էջով ազգաբնակչությանը տեղեկացրել եմ, որ բազմաթիվ նման էջերի միջոցով իմ անունից, իմ նկարով տարածվում է կեղծ ինֆորմացիա։ Եվ կոչ եմ անում, որպեսզի եղանակի մասին ինֆորմացիան ճշտեն շրջակա միջավայրի նախարարության, Հայհիդրոմետ կենտրոնի և իմ պաշտոնական էջերից։ Այդքանից ավել ես ոչինչ չեմ կարող անել»,- ընդգծեց նա։  

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում