Գլխավոր Լրահոս

Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից

Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ հայաստանյան մի շարք բանկերի և ռուսական «Գազպրոմբանկի» անունից։ Դրանք խոստանում են ներդրումային հարթակի հասանելիություն, որի միջոցով հնարավոր է իբր գումար աշխատել։

«Ամերիաբանկը բացել է հասանելիությունը հարթակին: Սկսում ենք 65,000 դրամից, ամսական ստանում ենք սկսած 675,000 դրամից»,-նշված է «Ամերիաբանկի» անունից տարածվող գրառման մեջ։

Մինչդեռ, այս գրառումները կեղծ են։ Դրանց իրական նպատակը, հայտնի բանկերի անունն օգտագործելով, վստահություն ներշնչելն ու քաղաքացիներին դրդելն է ներդրումներ կատարել կասկածելի հարթակներում, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։

Նույն սխեման՝ տարբեր անուններով

Նույն տեքստը տարածվում է «Արդշինբանկի» անունից։ Այդ գովազդային գրառումներին կցված է նույն in.invesstt.site անվանումով կայքը։ Հրահանգների հաջորդականությունը ևս նույնն է․ որոշ հարցերի պատասխանելուց հետո առաջարկվում է թողնել հեռախոսահամար և այլ տվյալներ, որպեսզի աշխատակիցը կարողանա կապ հաստատել։ Սակայն այս կայքերը որևէ կապ չունեն բանկերի հետ։ 

Էկրանապատկերը՝ in.invesstt.site  անվանումով կայքից

«Գազպրոմբանկի» կեղծ ներդրումային հարթակը գովազդելու համար անգամ օգտագործվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիփֆեյք տեսանյութը։ Դրանում Փաշինյանի ռուսերենով կեղծված ձայնն ասում է․ «Անցեք հղումով և գրանցվեք հարթակում։ Ստացեք հասանելիություն իմ կողմից ստուգված ներդրումային հարթակին, որը կօգնի շահավետ ներդրումներ անել»։

Այս դեպքում գրառմանը կցված է publicimage.click անվանումով կայքը, սակայն հրահանգները ու տեքստերի բովանդակությունը նույնն է, ինչ նախորդներում։ 

Էկրանապատկերը՝ publicimage.click անվանումով կայքից

Ռուսական «Գազպրոմբանկը» նույնանուն մասնաճյուղ չունի Հայաստանում։ Նախկինում գործել է «Գազպրոմբանկի» դուստր բանկ՝ «Առէքսիմբանկը», որն ընկերությունը 2016-ին վաճառել է հայ ներդրողների։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութն իրականում վերցված է նրա՝ 2025-ի օգոստոսի 18-ի ուղերձից։ Տեսանյութում Փաշինյանը խոսում է ոչ թե ներդրումային հարթակի, այլ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հռչակագրի մասին։

Նմանատիպ կեղծ ներդրումային հարթակներին #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է։ Բոլոր դեպքերում սխեման նույնն է․ հայտնի մարդկանց կամ ընկերությունների անունից տարածվում են կեղծ գրառումներ ներդրումային հարթակների վերաբերյալ։ Այնուհետև զանգում է «ընկերության ներկայացուցիչը», ուղարկում ներդրումային հարթակի հղումը, որտեղ գումար աշխատելու համար անհրաժեշտ է սկզբնական ներդրում կատարել։ Սակայն այդպիսի կասկածելի հարթակներում գումար ներդնելը ռիսկային է․ չկա որևէ երաշխիք, որ գումարը կվերադարձվի կամ կավելանա։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում