Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Արդշինբանկի» անունից՝ առաջարկելով ներդրումային հարթակի վերաբերյալ, որի միջոցով իբր հնարավոր է գումար աշխատել։
«Հարթակը վճարում է յուրաքանչյուրին օրական սկսած 125 000 դրամից»,- նշված է գրառմանը կցված լուսանկարի մեջ։
Մեկ այլ գրառման մեջ էլ կրկին «Արդշինբանկի» տարբերանշանով և Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարով դարձյալ գումար հնարավորության մասին է նշվում։

Այս գրառումները, սակայն, կեղծ են, իսկ բանկի անունն ու Ռուբեն Վարդանյանի կերպարն օգտագործվում են վստահություն ներշնչելու համար։
Տարբեր բանկեր՝ միևնույն խաբեության սխեման․ ո՞ւր են տանում կեղծ գրառումները
Կեղծ գովազդային գրառումները տարածվում են «Беззаботная жизнь» անվանումով ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով։ Չնայած տարբեր բովանդակությանը, բոլոր գրառումները տանում են նույն կայքը՝ dp-ard.aminnvesst[.]website, որը նմանակում է «Արդշինբանկի» պաշտոնական կայքին։

Կայքում հարցերի պատասխանելուց հետո պահանջվում է մուտքագրել մի շարք անձնական տվյալներ՝ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն։ Տվյալները մուտքագրելուց հետո կապ է հաստատում «բանկի մենեջերը» և ներկայացնում «ներդրումային հարթակը»։

#CivilNetCheck-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր նմանատիպ մեկ այլ գրառման, որը տարածվում էր «Ամերիաբանկի» անունից՝ այս դեպքում գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի լուսանկարով։
«Ամերիաբանկի» անունից տարածվող գրառումները տանում էին am.aminnvesst[.]website հասցեով կայքէջ, որի դոմեյնը գրանցվել էր գրառումը տարածելուց ընդամենը մեկ օր առաջ՝ Namecheap ռեգիստրատորի միջոցով։ Իսկ «Արդշինբանկի» անունից տարածվող գրառման մեջ նշված հղումն էլ փաստացի պատկանում է նույն դոմեյնին։
Հնարավոր ռիսկերն ու հետևանքները
Նման դեպքերում պետք է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնին։ Բանկերը երբեք չեն օգտագործում նմանատիպ կասկածելի, խառնիխուռն անվանումներով դոմեյններ իրենց ծառայությունների համար։ Իսկ «Արդշինբանկի» պաշտոնական կայքը ardshinbank.am-ն է, ֆեյսբուքյան էջը՝ Arshinbank CJSC-ը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուբեն Վարդանյանի անունն ու կերպարը օգտագործվում են կեղծ գրառումներում կամ դիփֆեյք տեսանյութերում։ Տարբեր բանկերի, այդ թվում՝ «Արդշինբանկի» անունից, նախկինում ևս տարածվել են նմանատիպ կեղծ հրապարակումներ, որոնց #CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է։
Նման հարթակներում գումար ներդնելը ռիսկային է․ չկա երաշխիք, որ այն կվերադարձվի կամ կավելանա։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











