Yerevan City անվանումով կեղծ ֆեյսբուքյան էջը գրառումներ է տարածում խաղարկությունների և նվերների վերաբերյալ։ «Այս տարի Սուրբ Ծնունդը դիմավորելու համար մենք ունենք հատուկ տուփ՝ լի բազմաթիվ նվերներով, ընտրեք ձեր հաջողության տուփը»,- նշված է գրառումներից մեկում։
Նույն էջի մեկ այլ գրառմամբ էլ խոստանում են ավտոմեքենա՝ «ճիշտ թիվը գուշակողներին»։
Այս գրառումները տասնյակ մեկնաբանություններ և տարածումներ (share) ունեն։ Սակայն դրանց իրական նպատակը օգտատերերի անձնական և բանկային տվյալները կորզելն է։ Իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անվանումն օգտագործվում է վստահություն ներշնչելու և օգտատերերին մոլորեցնելու համար։
Նորաստեղծ կեղծ էջը օգտատերերին ուղղորդում է ֆիշինգային կայք
Ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծվել է ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին։ Էջի հասանելի գրառումները բացառապես խաղարկությունների ու նվերների մասին են։

Գրառումը մեկնաբանելուց հետո օգտատերերին ուղարկվում է wwwwwwtt545454trtrrtr.blogspot[.]com կայքի հղումը, որտեղ անհրաժեշտ է գրանցվել «նվերը» ստանալու համար։ Այս կայքը ստեղծվել է blogger.com հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս անվճար կայքեր ստեղծել։
Գրանցման կոճակը սեղմելուց հետո օգտատերը վերահասցեագրվում է (redirecting) մեկ այլ՝ kanatsarsenbek.com/trxyd[.]php?sub=SALE դոմեյնային անվանումով ֆիշինգային կայքը։ Դրա միջոցով զեղծարարները գողանում են օգատատերերի անձնական և բանկային տվյալները։
![Էկրանապատկերը՝ wwwwwwtt545454trtrrtr.blogspot[.]com և kanatsarsenbek.com/trxyd[.]php?sub=SALE կայքերից Էկրանապատկերը՝ wwwwwwtt545454trtrrtr.blogspot[.]com և kanatsarsenbek.com/trxyd[.]php?sub=SALE կայքերից](https://civilnet.am/wp-content/uploads/2025/11/image1-9.jpg)
Նույնաբովանդակ գրառումները թիրախավորում են տարբեր երկրների օգտատերերին։ Նույն լուսանկարով և «հաջողակ ծրար» ընտրելու դեպքում նվեր ստանալու խոստումով հրապարակումներ են տարածվել նաև Վրաստանում գործող Ori Nabiji սուպերմարկետների ցանցի անունից։

«Երևան Սիթիի» պաշտոնական էջն ու կայքը
«Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, կայքը՝ yerevan-city.am-ը։ Ընկերությունն իր պաշտոնական էջում հորդորել է խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից:
#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է տարբեր սուպերմարկետների, այդ թվում՝ «Երևան Սիթիի» անունից տարածվող կեղծ խաղարկություններին։ Օրեր առաջ ընկերության անունից մեկ այլ կեղծ էջով տարածվել էին գրառումներ իբր Toyota Hilux ավտոմեքենա, լվացքի մեքենա և Սուրբ Ծնունդի նվերների տուփեր շահելու հնարավորության վերաբերյալ։
Տես՝ https://civilnet.am/news/985508
Այսպիսով, yerevan City անվանումով ֆեյսբուքյան էջը, շահարկելով «Երևան Սիթիի» անունը, փորձում է օգտատերերի վստահությունը շահել և ֆիշինգային կայքի միջոցով կորզել նրանց անձնական և բանկային տվյալները։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











