Կեղծ «խաղարկություններ» «Երևան Սիթի»-ի և «Քարֆուր»-ի անունից․ ինչպես են թիրախավորում օգտատերերին

Սոցցանցերի օգտատերերը շարունակում են ակտիվորեն տարածել տարբեր սուպերմարկետների անունից հրապարակվող կեղծ գրառումներ, որոնք խոստանում են «նվերներ» ու «մրցանակներ»։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից տարածված նման գրառումներից մեկը, որտեղ իբր խաղարկվում են հեռուստացույցներ, տարածվել է (share) ֆեսյբուքում ավելի քան 4000 անգամ։
«Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ առաջարկում ենք 480 հեռուստացույց, որոնք քերծվածքների և աննշան վնասվածքների պատճառով չեն վաճառվում»,- նշված է «Երևան Սիթիի» անունից տարածվող գրառման մեջ։
«Քարֆուրի» անունից տարածվող գրառման մեջ էլ սուրբծննդյան «նվերներ» են խաղարկում։
Սակայն այս գրառումները կեղծ են։ Դրանց հիմնական նպատակը օգտատերերից անձնական կամ բանկային տվյալներ կորզելն է, ինչպես նաև վնասաբեր ծրագրեր տարածելը։
#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է սուպերմարկետների անունից տարածվող կեղծ գրառումներին։ Չնայած դրան, օգտատերերը շարունակում են կուլ տալ զեղծարարների խայծը։
Կեղծ խաղարկություններ․ խմբագրված լուսանկարներ
«Երևան Սիթի»-ի անունից գրառումը տարածվում է «ۦۦۦ•Yerevan City Supermarkets•» անվանումով ֆեյսբուքյան էջով։ Էջում կա ընդամենը երկու հրապարակում, և երկուսն էլ վերաբերում են խաղարկություններին։
«Մեր նոր խանութի բացումը նշելու համար մենք նվիրում ենք այս հիանալի Toyota Hilux-ներից մեկը»,- նշված է «ۦۦۦ•Yerevan City Supermarkets•» անվանումով ֆեյսբուքյան էջի մյուս գրառման մեջ։
Խանութը, սակայն, նոր չէ բացվել, ինչպես նշված է գրառման մեջ։ Իսկ գրառմանը կցված լուսանկարն իրականում վերցված է 2022-ին Արարարատի մարզի Մրգավան գյուղում բացված «Երևան Սիթի»-ի մասնաճյուղի լուսանկարներից։ Այն խմբագրվել է և ավելացվել մեքանան։

Նմանատիպ կեղծ գրառում է տարածվում նաև «Քարֆուր» սուպերմարկետի անունից։ Այն հրապարակվել է «Carrefour.supermarket.fans» անվանումով ֆեյսբուքյան էջում, որի միակ ակտիվությունը հենց այս «խաղարկությունն» է։ Այս դեպքում իբր Սուրբ Ծնունդի կապակցությամբ խաղարկվում են «նվեր-տոպրակներ, հեռախոսներ և վաուչերներ»։ Կանոնները կրկին չափազանց պարզ են․ օգտատերերից պահանջվում է մեկնաբանությունում գրել «@» նշանը։
Իրականում այս նշանը գրելով՝ օգտատերերը ավտոմատ կերպով նշում են իրենց բոլոր ֆեյսբուքյան ընկերներին (friends), ինչի շնորհիվ կեղծ գրառումը դառնում է տեսանելի նաև նրանց համար և ստանում է ավելի լայն տարածում։
Այս գրառմանը կցված լուսանկարն էլ է ակնհայտորեն խմբագրված։ Օգտագործվել է համացանցում լայնորեն տարածված Ձմեռ պապի հայտնի լուսանկարը։ Ամենայն հավանականությամբ՝ մի քանի տարբեր լուսանկար ներմուծվել են արհեստական բանականության համակարգ, և նրանից պահանջվել է ստեղծել ամանորյա թեմատիկ լուսանկար՝ «Քարֆուրի» տարբերանշանով և հայերեն գրությամբ։ Սակայն ԱԲ-ն սխալ է գեներացրել հայերեն տեքստը։

Որտեղի՞ց տեղեկանալ սուպերմարկետների իրական խաղարկությունների մասին
«Երևան Սիթի»-ի պաշտոնական կայքը yerevan-city.am-ն է, իսկ պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ Yerevan City Supermarkets-ը։ Սոցցանցերում ընկերության անունից պարբերաբար տարածվում են կեղծ խաղարկությունների ու նվերների վերաբերյալ գրառումներ, որոնք «Երևան Սիթի»-ն մշտապես հերքում է՝ հորդորելով ցանկացած խաղարկության կամ գործող ակցիայի մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից։
Իսկ «Քարֆուր»-ի պաշտոնական կայքը carrefour.am-ն է, պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ Carrefour Armenia-ն։
Սովորաբար նման գրառումներ տարածող էջերն աշխատում են նույն սխեմայով․ նախ պահանջում են տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում՝ բարձրացնելով դրա դիտելիությունը, ապա ուղարկում են տվյալներ կորզող ֆիշինգային կայքի կամ վնասաբեր ծրագրեր պարունակող կայքի հղում։
Այսպիսով, «Երևան Սիթի» և «Քարֆուր» սուպերմարկետների անունից տարածվող գրառումները՝ նվերների և մրցանակների վերաբերյալ, կեղծ են։ Դրանց իրական նպատակը օգտատիրոջ տվյալներին հասանելիություն ստանալն է կամ վարակել նրանց համակարգիչները։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










