Գլխավոր Լրահոս

Տարին անցավ, Վեդու ջրամբարի կառուցումը չավարտվեց․ կառավարության խոստման հետքերով

Տարին անցավ, Վեդու ջրամբարի կառուցումը չավարտվեց․ կառավարության խոստման հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck #խոստմնացույց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022-ի տարեվերջին։ 

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ջրամբարի կառուցման ժամկետն արդեն իսկ խախտվել է՝ պատերազմի և համավարակի հանգամանքներով պայմանավորված, ինչը հաստատեց նաև ՏԿԵ նախարար Սանոսյանը։

«Նշված էր 2021-ի մարտ ամիս [վերջնաժամկետը - խմբ.], հետո հանգամանքների բերումով ձգձգվել է և հիմա 2022-ի տարեվերջ է»,- պարզաբանեց ՏԿԵ նախարարը։

Փաշինյանը ևս մենք անգամ ճշտեց. «Հիմա մենք վստա՞հ ենք, որ տարեվերջին կավարտենք...»:

Սանոսյանն արդեն երրորդ անգամ վստահեցրեց մինչև տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում, եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։

Ջրամբարի կառուցման վերջնաժամկետը կրկին փոխվել է՝  2023

Վեդու ջրամբարի կառուցման պատմությունը սկիզբ է առնում առնվազն 2013-ի նոյեմբերից, երբ ստորագրվեց Վեդու ջրամբարի շինարարության նախագծի պատրաստման նախագիծը։ Շինարարությունը սկսվեց 2017-ին։ 

Վեդու ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Ֆրանսիական զարգացման գործակալության 75 մլն եվրո վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության 15 մլն եվրո համաֆինանսավորմամբ։ Ընդհանուր ավելի քան 90 մլն եվրո արժեցող ջրամբարը պետք է ոռոգի շուրջ 3 200 հա հողատարածք՝ այդպիսով բարելավելով ոռոգման համակարգը։

ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան #CivilNetCheck-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է և նախատեսվում է ավարտել 2023-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ և այլ հանգամանքներով։

ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023-ի երկրորդ կիսամյակում։

Փաստացի՝ սա Վեդու ջրամբարի մոտ տասնամյակ տևած կառուցման արդեն երրորդ վերջնաժկետն է․ նախ այն պետք է ավարտվեր 2021-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023-ի ընթացքում։

 Ջրամբարի կառուցման մասին ավելի մանրամասն՝ «Լուրերի» տեսանյութում։

***

Կառավարությունը նաև խոստանում էր մինչև 2021-ի տարեվերջ սկսել Շիրակի մարզում Կապսի կիսակառույց ջրամբարի շինարարությունը (այն պետք է  մեկնարկեր դեռ 2018-ի հունիսին)։ 2023-ի սկիզբն է, սակայն Կապսի ջրամբարի շինարարությունը դեռ մրցույթային փուլում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում