Home Feed

Սերժ Թանգյանի «Հարակիրին» I Serzh Tankian on "Harakiri"

-Բարի գալուստ ՍիվիլՆեթ: Այսօր մեր առավոտը նվիրված է լինելու Սերժ Թանգյանին: Սե՛րժ, շնորհակալությո՛ւն մեզ միանալու համար:

-Շնորհակալությո՛ւն հրավերի համար, Սալբի՛: Ուրա՛խ եմ Ձեզ տեսնել:

-Շնորհակալությո՛ւն: Մեզ համար սա առանձնահատուկ իրադարձություն է, քանի որ այսօր լրանում է Հայաստանում Ձեր այցելությունների և առաջին ու երկրորդ համերգների տարեդարձը: Իհարկե բոլորը երազում են, որ Դուք այս տարի ևս համերգով հանդես կգաք Հայաստանում:

- Շնորհակալություն, ես ինքս էլ կցանկանայի:

-Մենք իհարկե հասկանում ենք պատճառը: Դուք շատ զբաղված եք այս տարի: Ձեր «Հարակիրի» ձայնասկավառակն արդեն լույս է տեսել և խոսակցությունների առարկա է դարձել ոչ միայն երաժշտական աշխարհում, այլև ինձ նման սովորական մարդկանց շրջանում, որոնք երաժշտության միջոցով սոցիալական, քաղաքական կամ այլ տեսակի թեմաների են հանգում: Եվ այս ալբոմն էլ հենց դա է արտահայտում:
-Այո, մեսիջը այս սկավառակի կարևոր մասն է: Ինչպես և եղել է նախկինում՝ այս անգամ էլ շեշտն ավելի շատ դրվել է մեսիջի վրա:

-Եկեք խոսենք ինչպես «Հարակիրիի» մասին, այնպես էլ այս բառի ընտրության և օգտագործման, «հոլոքոստ» բառի օգտագործման և այն ամենի մասին, որ արտահայտում են Ձեզ: Դրանք հաճախ ինչ-որ չափով մելամաղձոտ են և համապատասխանում են թեմային:

-«Հարակիրի» անվանումն ընտրել եմ դեռ 2011թ., երբ Նոր Զելանդիայում էի: Այդ ժամանակ էր, որ մոլորակի վրա ահռելի քանակությամբ ձկների և թռչունների մահ արձանագրվեց: Ինձ համար այս դեպքը խորհրդանշական և աստվածաշնչյան նշանակություն ուներ: Ես կարիք ունեի մի երգ գրելու, որով կարտահայտեի ինքս ինձ և կհասկանայի խնդրի էությունը հոգեբանական տեսանկյունից: Այդպես էլ ծնվեց սկավառակի անվանումը: Մյուս երգերն ուղղակի հաջորդել են միմյանց, դրանցից շատերը ծնվել են ինձ համար շատ ծանր 2011թ. ընթացքում:

Շատ հետաքրքիր մի բան էլ․ ուզում էի օգտագործել «հարակիրի» բառը, որը ճապոներեն նշանակում է ծիսակարգային ինքնասպանություն կամ բառացիորեն՝ որովայնի կտրում: Այս սկավառակով ես ուզում էի ոչ միայն  նկարագրել շրջակա միջավայրի դեգրադացիան, որն այժմ տեղի է ունենում մոլորակի վրա, այլև ցույց տալ, թե մարդկությունն ինչ է անում: Մենք անգիտակցաբար սպանում ենք ինքներս մեզ:

-«Հարակիրի» նշանակում է ինքնասպանություն: Դրանով Դուք ավելի մեծ պատասխանատվություն եք դնում ինձ, ձեզ և բոլորիս վրա, քան այն մարդկանց, որոնք այդպես են վարվում մեզ հետ:

-Շատ լավ նկատառում է: Ես երբևէ չէի մտածել այդ ուղղությամբ: Այո, դա մեր պատասխանատվությունն է: Մենք հսկայական ազդեցություն ունենք բնակչության գերաճի, շրջակա միջավայրի աղտոտման, բնական ռեսուրսների չարաշահման վրա: Մենք ինքներս օգնում ենք ոչնչացնել մեր տունը, բայց որևէ մեկը դա չի նկատում: Մեր կյանքը մեզ համար շատ կարևոր է, և մենք շարունակում ենք ապրել այնպես, ինչպես սովոր ենք` առանց ուշադրություն դարձնելու այս ամենին:

-Ձեր երգերից մեկում օգտագործում եք «հոլոքոստ» բառը: Ինչպե՞ս եք Դուք օգտագործում եզրը: Արդյոք դրանով արտահայտո՞ւմ եք համընդհանուր մարդկային ողբերգությունը, և ո՞ր Հոլոքոստի մասին է խոսքը:

-Շատ լավ հարց է: Ես ուզում էի թողնել լսողների մեկնաբանությանը, բայց դա անմիջականորեն կապված է իսրայելա-պաղեստինյան հարցի հետ, որովհետև Հոլոքոստի տողում ասվում է. «Հոլոքոստ, որի ժամանակ դու ապրել ես մեծ վախ, ինչպե՞ս դու կարող ես ուղղակի բռնազավթել մեկ այլ երեխայի արցունքը»: Սա ուղղակի տառապյալի և տառապյալի կողմից ուրիշին տառապել ստիպելու երկվությունն է՝ այլ ձևով արտահայտված:

Երգը նաև խոսում է երկու պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Այնտեղ կա ջազային գեղեցիկ մի կտոր կնոջ և երեխայի մասին. կինը քնացնում է երեխային` առանց վախենալու, որ գլխավերևով ռումբեր են թռչում, և խոսում է Իսրայելի տարբեր շրջանների մասին, որոնք ռմբակոծվում են Համասի հրթիռներով և այլն: Այն նաև անդրադառնում է բռնազավթմանը, դրա երկվությանը, շարունակականությանը և այլնի: Սակայն նկատել եմ, որ մարդիկ սա վերագրում են այլ բաների, օրինակ, occupy շարժումներին, հայերի ցեղասպանությանը և տարբեր այլ բաների: Այս ամենի լավ կողմն այն է, որ եթե երաժշտությունը ճիշտ ձևով է ներկայացվում, այն կարող է այլ տպավորություն թողնել, ինչը ևս կարևոր է:

-Ես վերջին մարդն եմ աշխարհում, ով պետք է խոսի երաժշտության մասին, սակայն քո երաժշտությունն ունի հրատապության և, ինչպես արդեն ասացի, մելամաղձոտության միասնությունը, որը նման է ինքն իրեն փնտրելուն: Այն ինձ հասանելի է և ստիպում է մտածել երգի բառերի մասին:

-Անշուշտ, իմ երաժշտության մեջ միշտ եղել է մելամաղձոտություն: Սպանես, չեմ կարող երջանիկ երգ գրել:

-Հայ ես, էլի:

-Գիտե՞ս, Սալբի, ես դա միշտ ասում եմ, երբ մարդիկ հարցնում են` ինչպես է ձեր մշակույթն ազդել ձեր երաժշտության վրա: Եթե ավելի խորը մտածենք այդ մասին՝ բացի որոշակի մեղեդային հնչերանգներից, ես կարծում եմ, որ երգի մելամաղձոտությունը գալիս են մեր մշակույթի արմատներից:

-Իրականում ծնվելիս մենք արդեն 600 կգ բեռ ունենք մեր ուսերին: Occupy եզրը, «Բռնազավթած արցունքներ» երգը, որի անիմացիան արեց Էրիկ Նազարյանը և այն հարգանքը, որ ցուցաբերում եք occupy-ի [խոսքը վերաբերում է «Գրավիր Ուոլ Սթրիթը» և այլ նման շարժումների – խմբ.] գաղափարին, ինչ-որ առումով  դրականորեն է ներկայացվում այս երգերում:

- Կարծում եմ՝ այո: Շնորհակալություն: Հոլովակները հսկայական դեր խաղացին` ցույց տալու այս զգացմունքների մի մասը: «Հարակիրի» հոլովակը, կարծում եմ՝ հուզիչ է: Այն ներկայացնում է շատ բան, այն միայն մեկ խնդիր չէ, մեկ պնդում չէ: Այն վերաբերում է նավթին, վերաբերում է սպառմանը, աղտոտմանը, զանգվածային մահերին, շատ բաների, որոնք ազդում են մեր կյանքի վրա այսօր, նաև զավթիչ շարժումներին, պատերազմներին: Եվ դա այս ձայնագրության կիզակետն էր: Այն գրվել է անցած տարի, այնպես որ՝ դրա մեծ մասը բխում է ժամանակակից ծրագրերից, աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից՝ Արաբական գարուն, եվրոպական ճգնաժամ, ֆինանսական խնդիրներ, գործազրկության բարձր մակարդակ, ԱՄՆ-ի խիստ բևեռացված հասարակություն: Այս ամենը շատ իրական են ներկայացված ձայնագրության մեջ:

-Մի քանի դժվար տարի, դժվար տասնամյակներ են եղել այստեղ` Հայաստանում,  և դու գիտես այդ ամենի մասին: Երբ Ֆեյսբուքով հայտարարեցինք, որ խոսելու ենք քեզ հետ, բազմաթիվ հարցեր ստացանք, որոնք, կարծում եմ, քեզ չեն զարմացնի: Ես կխնդրեմ մեր աշխատակիցներին կարդալ դրանց մի մասը: Ընդհանուր առմամբ դա կլինի մեր խոսակցության շարունակությունը:

-Լավ:

-
Բարև Սերժ, մենք շատ ուրախ ենք, որ դու զրուցում ես մեզ հետ: Ահա Ֆեյսբուքում մեզ հետևողների հարցերից մեկը.  «2007-ից դու շատ մտահոգված էիր Հայաստանի էկոլոգիական խնդիրներով, օժանդակեցիր «Փրկենք Թեղուտը» նախաձեռնությանը: Արդյոք ապագայում ծրագրո՞ւմ ես հանդես գալ ինչ-որ նոր հայտարարությամբ, խոսքով կամ որևէ գործունեությամբ, քանի դեռ այդ խնդիրն արդիական է»:

-Այո, պատրաստվում եմ: Մենք աշխատել ենք միասին` հանդես գալու հայտարարությամբ Թեղուտի անտառի համար` աջակցելու անտառների պաշտպանության հիմնադրամին և նրա գործունեությանը: Կարծում եմ՝ շատ կարևոր խնդիր է, մյուս էկոլոգիական խնդիրների հետ միասին, թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում: Կարծում եմ, որ տնտեսության և էկոլոգիայի հավասարակշռության առկայությունը կարևոր է  զարգացող և զարգացած երկրների համար: Սա շատ բարդ խնդիր է: Վերջիվերջո կա մի ճշմարտություն, և այդ ճշմարտությունն այն է, որ հանքահանության  թափոնները կառաջացնեն ջրային միջավայրի աղտոտվածություն, որը արդյունքում կհասնի Վրաստան, ինչը շատ վտանգավոր է: Օրինակ՝ ԱՄՆ-ում Հանրապետականների և Դեմոկրատների պայքարի հիմքերից մեկը նմանատիպ խնդիր է` տնտեսությունն ընդեմ շրջակա միջավայրի: Այժմ աշխատատեղերի մեծ պահանջ կա երկրում, աջերն էլ համարում են, որ մենք աշխատանքի կարիք ունենք, դա կարևոր հարց է: Գիտե՞ք՝ վարձու մարդասպանի աշխատանքն էլ է աշխատանք, մարդ, որը սպանում է, բայց ճիշտ աշխատանք չէ: Մենք կարիք ունենք այնպիսի աշխատողների, որոնք օժանդակում  են շրջակա միջավայրի պահպանմանը, մարդկանց երկարաժամկետ զարգացմանը, տնտեսության զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի զարգացմանը: Շրջակա միջավայրը կարևոր է, որովհետև անկախ նրանից, թե քանի մարդ է աշխատում, նույնիսկ եթե բոլորն են աշխատում, ուղղակի կմահանաս առանց կայուն, առողջ էկոլոգիայի՝ քո շրջապատում: Դա, ի վերջո, անիմաստ է: Իմ կարծիքով՝ եթե թիրախային դարձնենք էկոլոգիան, գյուղատնտեսությունը, փորձենք բարելավել գյուղատնտեսության վիճակը Հայաստանում,  ծառայություն կմատուցենք մեր երկրին, մեր էկոլոգիային և միգրացիայի խնդրի լուծմանը: Եթե հողագործները կարողանան ապոհովված կյանք վարել՝ մարդիկ հետ կգան: Մեր խնդիրների լուծումը չենք կարող փնտրել քաղաք փախչելով, խնդրի լուծումը պարենի արտադրումն է, հատկապես գենետիկորեն չվերափոխված մթերքի աճեցումը: Ես վախենում եմ, որ գենետիկորեն վերափոխված օրգանիզմները տարածում կգտնեն Հայաստանում: Գիտե՞ք՝ տարիներ առաջ ինձ համար Հայաստան գալը և խնձոր գնելը միշտ մեծ հաճույք էր, բայց անցյալ տարի, երբ եկա Հայաստան և խնձոր փորձեցի, ինձ թվաց, որ այն Լոս Անջելեսից է, և դա ինձ իրոք վախեցրեց: Ինձ թվում է՝ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվենք ԳՎՕ-ներից` նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը՝ սկսած կառավարության կողմից հովանավորվող ծրագրերից, վերջացրած խթանող ծրագրերի իրականացմամբ:

-Եվ վերջին հարցը. «Դուք ժամանակ գտնո՞ւմ եք Հայաստանի հետ կապված նորություններին ծանոթանալու և տեղեկացված լինելու համար, եթե այո՝ ի՞նչ կարծիք ունեք այն ամենի մասին, որ կատարվում է Հայաստանում»:

-Օ՜, շատ ծավալուն հարց է, քանի որ շատ բան է կատարվում Հայաստանում: Ես այդ կերպ չեմ մեկնաբանի: Ես փորձում եմ հնարավորինս իրազեկ լինել նորություններին և իրադարձություններին: Իհարկե երբեմն շատ բան եմ բաց թողում, երբեմն նույնիսկ ուշ եմ տեղեկանում, բայց փորձում եմ կապված մնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին և տեղեկանալ` ինչ է տեղի ունենում:

-Շնորհակալությո՛ւն, Սե՛րժ, համոզված եմ, որ երբ այս ամենը լուսաբանվի, ավելի շատ հարցեր կհայտնվեն Ֆեյսբուքում: Ես առաջ էլ եմ ասել ու հիմա էլ կասեմ՝ երբ մի կողմ ես դնում քո գործը և անցնում այս դժվարին խնդիրների քննարկմանը, դա այստեղ շատ հույս և ուժ է տալիս երիտասարդությանը, ակտիվիստներին: Շնորհակալ ենք քեզ շատ բաների համար, ինչպես նաև՝ սրա համար:

-Ինձ թվում է՝ դու չես գտնի մի հայ Հայաստանում, որը համաձայն չլինի քեզ հետ: Մենք այնքան բան ենք կապում մեր ինքնության հետ` մեր հողի, մեր սարերի, մեր գետերի ու մեր ծառերի հետ: Հենց սա է, որ պիտի միասնականորեն փորձենք պարտադրել մեր կառավարությանը: Այն, որ մեր գյուղատնտեսությանը աջակցելը մեր երկրի անվտանգության և ապահովության անհրաժեշտ նախապայման է:

-Շնորհակալությո՛ւն, այդ խնդիրը բարձացնելու համար, մենք հնարավորինս կփորձենք դա փոխանցել:

-Շնորհակալությո՛ւն, Սալբի՛:

-Շնորհակալությո՛ւն, Սերժ Թանգյան, այն գործի համար, որ անում ես, այն գաղափարների համար, որ բարձրացնում ես, քո երաժշտության համար: Նաև այն բանի համար, որ հասանելի ես թե՛ մեզ` Հայաստանում ապրողներիս, թե՛ շատերի համար: Շնորհակալությո՛ւն, Սե՛րժ:

-Երկար կյանք Սիվիլիթասին:

Newsletter

Subscribe to our newsletter and be the first to receive our weekly digests.

By subscribing, you agree to our Privacy Policy .

CivilNet content, photos, and videos may not be copied, downloaded, or republished on other platforms without proper attribution. Any partial use of CivilNet video requires prior knowledge and consent from CivilNet.

315 Arden Ave, Suite 30, Glendale, California 91203

+1(818)749-450 [email protected]

1 Northern Avenue, Office 30, Yerevan 0010, Armenia

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026. All rights reserved.

Developed by MATEMAT