Home Feed

Armenian Education Anytime Anywhere

2009թ. Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ հիմնադրվել է Հայկական վիրտուալ համալսարանը, որն իր «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայկական մշակույթ» ֆակուլտետներում յոթ լեզուներով ուսուցում է իրականացնում:  Համալսարանն աշխատանքներն սկսել էր 100 ուսանողով, ներկայում այդ թիվն անցնում է 2000-ը: Վիրտուալ կրթության մասին ՍիվիլՆեթը զրուցել է Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և տնօրեն Երվանդ Զորյանի հետ:

-Պարոն Զորյան, Դուք սկսեցիք մոտ 100 ուսանողով: Ինչպե՞ս է փոփոխվում դինամիկան, ինչպե՞ս է զարգանում համալսարանը, ինչպե՞ս եք Դուք տեսնում այդ զարգացումը:
-Երբ հիմնադրեցինք Վիրտուալ համալսարանը, մենք չգիտեինք՝ քանի ուսանող կունենանք: Տեղյակ էինք, որ հետաքրքրություն կա հայագիտական կրթություն ստանալու նկատմամբ, սակայն սկզբնական շրջանում չգիտեինք, թե ինչպես մեծացնել ուսանողների քանակը և աշխարհում հասնել զգալի մակարդակի: Առաջին կիսամյակը մենք սկսեցինք 100-ից մի քիչ ավելի ուսանողներով, սակայն թվերն աճեցին, և այսօր, երբ մենք բոլորում ենք մեր երրորդ տարին, արդեն հատել ենք 2000-ի սահմանը:

-Այս կարճ ժամանակահատվածի համար 2000-ը զգալի թիվ է: Ի՞նչ դասընթացներ ունեք, ի՞նչ եք դասավանդում:
-Մենք մեր դասընթացները բաժանել ենք երեք բաժինների: Այսինքն, հայկական կրթությունը երեք տարբեր ձևերով ենք մատուցում: Մեկը հայոց լեզուն է, որն ունի ամենաբարձր պահանջարկը հայերի մեծ մասի կամ ոչ հայերի կողմից, որոնք Հայաստանի հետ ինչ-որ առնչություն ունեն և ցանկանում են հայերեն սովորել: Դասավանդում ենք և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն: Այսպիսով, սա մի բաժինն է, սկսվում է 0-ից, ենթադրելով, որ սկսնակները լեզվին ծանոթ չեն ընդհանրապես, մինչև պրոֆեսիոնալ մակարդակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է վարժ խոսել, հասկանալ, գրել, կարդալ և այլն: Եթե մեկն արդեն ինչ-որ չափով տիրապետում է լեզվին, նրա դասընթացը սկսվում է միջին մասից: Երկրորդ բաժինը պատմությունն է: Մենք պատմության դասընթացները բաժանում ենք ութ ժամանակահատվածների՝ սկսած հնադարից մինչև արդի ժամանակներ: Երրորդը մշակութային բաժինն է, որտեղ ուսուցանում ենք հայկական ճարտարապետություն, երաժշտություն, արվեստներ և այլն:

-Համալսարանում ուսուցումը յոթ լեզուներով է իրականացվում: Ինչո՞ւ և ինչպե՞ս:

-Մենք սկսեցինք քանակով սահմանափակ դասընթացներից, ապա ընդարձակեցինք դրանք՝ միաժամանակ ավելացնելով ուսուցման լեզուների քանակը: Սփյուռքն ընդհանուր առմամբ, ցավոք, չի խոսում հայերեն, խոսում է տարբեր լեզուներով: Այդ պատճառով մենք որոշեցինք դասավանդել մի քանի լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և հայախոսների համար՝ արևելահայերեն ու արևմտահայերեն: Վերջերս ավելացրել ենք նաև թուրքերենը շատ հայերի և ոչ հայերի համար, որոնք թուրքերենից բացի ուրիշ լեզու չգիտեն:

-Դա երևի շատ կարևոր է Թուրքիայի ներսում հայկական փոքրամասնության հայկական ինքնությունը պահպանելու համար:
-Այո, դա հնարավորություն է վերադառնալու հայկական արմատներին, միանալու հայկականությանը: Նրանցից շատերը հաճախում են հայկական դպրոց կամ եկեղեցի, սակայն չունեն այդ հնարավորությունը: Այնպես որ, դա նրանց համար հնարավորություն է:

-
Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում այս և գալիք ուսումնական տարում:
-Ինչպես գիտեք, բացի ուսանողների թվի և ուսումն իրականացվող լեզուների քանակի աճից, մենք ձգտում ենք ավելացնել նաև տարիքային խմբերը: Սկզբնական շրջանում ուսանողները չափահաս անձինք էին,  սակայն նրանցից հետո մենք ցանկացանք ներգրավել երեխաների, ինչը սկզբնական շրջանում չէինք նախատեսում: Աշխարհի տարբեր մասերից բազմաթիվ հայկական դպրոցներ դիմեցին մեզ` ուսուցման այս նոր` օնլայն տեսակին ծանոթանալու համար, որը մուլտիմեդիայի, էլեկտրոնային, զանազան հետաքրքիր խաղերի միջոցով կրթության հնարավորություն է: Այսպիսով, նրանք ցանկանում էին հայկական դպրոցներում կիրառել նորարական ուսուցման այս եղանակը: Մենք սա անվանում ենք հիբրիդ համակարգ այն իմաստով, որ մի կողմից այն առցանց է, մյուս կողմից` դեմառդեմ, քանի որ դասարանում է ուսուցիչը: Այս հիբրիդ համակարգը բավական գրավիչ դարձավ: Մենք սկսեցինք Դուբայում, Շարժայի հայկական դպրոցում, ապա մեթոդը տարածվեց Արևելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արևմտյան Եվրոպայում և այլուր: Այսօր մենք ունենք մեզ հետ համագործակցող ավելի քան տասը հիբրիդային դպրոցներ, որոնք երեխաներին դասավանդելու համար օգտագործում են Վիրտուալ համալսարանի դասընթացները:

-Ի՞նչ կասեք ձեր ուսանողության տարիքային շրջանակի մասին:
-Այն բավական լայն է: Ունենք անհատ ուսանողներ` 16 տարեկանից բարձր, ունենք ուսանողներ անգամ մինչև 80-85 տարեկան: Իհարկե, 20-30 տարեկանների խումբն ամենամեծն է, հետո գալիս է 30-40 տարեկանների խումբը:

-20 տարեկան` նշանակում է նրանք հիմնականում ուսանողներ են: Իսկ այդ ուսանողները ստանու՞մ են միավորներ իրենց համալսարանների ներսում` վիրտուալ դասընթացների կրեդիտների շնորհիվ:
-Իհարկե ստանում են, և դա մեր առավելություններից մեկն է, նույնիսկ նրանք կարող են ընտրել` ցանկանո՞ւմ են ստանալ կրեդիտ, թե՞ ոչ: Կախված նրանից, թե քանի տարեկան են և ուսուցման որ փուլում են գտնվում, եթե ընտրում են կրեդիտներով ուսուցումը, պետք է ծրագրեր անցնեն, քննություններ հանձնեն, խմբային ծրագրերի մասնակցեն իրենց վիրտուալ դասընկերների հետ: Կամ կարող են լինել որպես դիտորդներ, աուդիտորներ, որի դեպքում դու մասնակցում ես դասընթացներին բոլորի նման, սակայն քննություն չես հանձնում: Համալսարանական ուսանողների համար նախընտրելի է կրեդիտ ստանալ, քանի որ նրանք Հայկական վիրտուալ համալսարանից այդ կրեդիտները կարող են տեղափոխել այն համալսարաններ, որտեղ սովորում են:

-Ո՞րն է Վիրտուալ համալսարանի հաջորդ քայլը, առաքելությունը:
-Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավրվում է ՀԲԸՄ-ի կողմից: Միության մասնաճյուղերը, մամուլը և անդամները մեզ շատ են աջակցում ներթափանցելու հայկական տարբեր գաղթօջախներ: Այսօր մեր ակնկալիքներն իրոք մեծ են: Մենք ցանկանում ենք ընդլայնվել դեպի Արևելյան Եվրոպա, նախկին խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և այլն: Մենք շատ լավ հարաբերություններ ենք զարգացրել նոր համայնքների տարածքներում: Հաջողություն ենք գրանցել Թբիլիսիում: Մեր խորհրդի անդամները մեզ շատ օգնեցին այնտեղ հաստատվելու համար: Նաև հաջողված պատմություն ունեցանք Ռոստովում, որտեղի ամուր հայկական համայնքը ստեղծել է Հայկական վիրտուալ համալսարանի սեփական լաբորատորիան:

Զրուցեց Հարութ Էքմանյանը

 

 

Newsletter

Subscribe to our newsletter and be the first to receive our weekly digests.

By subscribing, you agree to our Privacy Policy .

CivilNet content, photos, and videos may not be copied, downloaded, or republished on other platforms without proper attribution. Any partial use of CivilNet video requires prior knowledge and consent from CivilNet.

315 Arden Ave, Suite 30, Glendale, California 91203

+1(818)749-450 [email protected]

1 Northern Avenue, Office 30, Yerevan 0010, Armenia

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026. All rights reserved.

Developed by MATEMAT