Գլխավոր Լրահոս

Ապագա՝ առանց հիշողության. Հայաստանի գլխավոր մարտահրավերը

Ապագա՝ առանց հիշողության. Հայաստանի գլխավոր մարտահրավերը

2023-ի դեկտեմբերի 31-ի գիշերը Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա աննախադեպ հրավառություն էր։ Դրանից ընդամենը երկու ամիս առաջ Արցախից ավելի քան հարյուր հազար մարդ բռնի տեղահանվել էր՝ հետևում թողնելով տուն, նախնիների ու որդիների շիրիմներ, կենսագրություն, հայրենիք… 

Շատ ծնողներ գաղթի ճամփան բռնել էին իրենց որդուն հողին նոր հանձնած կամ գերեզմանից հանած, որ վերահուղարկավորեն Հայաստանում։ 

2023-ի սեպտեմբերի 19-20-ի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվեց ավելի քան 220 մարդ, մոտ 250-ը վիրավորվեց։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից զոհվեց ևս 220-ը, մոտ 300 մարդ էլ վիրավորվեց։ 70 հոգի մահացավ գաղթի ճանապարհին։

Հայաստանում սգո օր չհայտարարվեց։ Խորհրդանշական որևէ բան չարվեց։

Ավելին, Արցախի անկման օրը հայտարարվեց «Հայաստանի իրական անկախության օր»։ Իշխանությունը սկսեց նոր պատմույթներ ձևավորել՝ հակադրելով անհակադրելին.

- իրական Հայաստան vs պատմական Հայաստան,

- պետություն vs hայրենիք,

- ինքնիշխանություն vs Ղարաբաղ…

- Արագած vs Արարատ,

- ՀՀ արևմտյան մարզեր vs Արևմտյան Հայաստան,

- Հայաստանի պատմություն vs Հայոց պատմություն, 

- պետություն vs եկեղեցի, և այլն։

Այս պատմույթներին գումարվեց աղետի պատասխանատվությունը զոհին մեղսագրելը՝ արցախցիները չեն կռվել, գերիներն իրենք են մեղավոր գերեվարվելու համար, իսկ 1915-ի վերաբերյալ «պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»։

Հայաստանի ներկայիս իշխանությունն այս մոտեցումը ներկայացնում է որպես «իրատեսություն»՝ ռեալպոլիտիկ, ապագային նայելու անհրաժեշտություն։ 

Անշուշտ, աշխարհաքաղաքական սահմանափակումները իրական են՝ պարտությունը, ուժային հավասարակշռության փոփոխությունը և այլն։ (Թե ինչու է այդ ամենը պատահել, այլ քննարկման հարց է)։

Բայց պետությունը չի կարող խոսել ապագայի մասին՝ ապամոնտաժելով պատմական շարունակականությունը, որի վրա հիմնվում է ապագան։ Չի կարող պահանջել ողջամտություն՝ աղճատելով ազգային ինքնությունը։

Այս իրավիճակը պարտադիր չէ, որ նշանակի ռևանշիզմ կամ միլիտարիզմ։ Այլընտրանքն ավելի պարզ է՝ ճշմարտություն, հիշողություն, հաշվետվողականություն։ Հաշվետվողականություն ոչ թե արտաքին ուժերի, այլ սեփական ժողովրդի ու սեփական պատմության նկատմամբ։ Ճշմարտություն՝ առանց լեզվական քողարկումների։ 

Մոռացությունը չի բուժում։ Այն ընդամենը հետաձգում է փլուզումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում