Իսրայելական ավիահարվածների հետևանքով ծանր վիրավորվել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին, իսկ նրա կինը մահացել է, նշում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
Խարազիի վիրավորման մասին լուրերը իսրայելական կողմն ավելի վաղ էր հաղորդել, բայց Իրանը դրանք չէր հաստատել։
Քամալ Խարազին բարեփոխական թևից Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի կառավարությունում զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը (1997-2005), ինչպես նաև Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականներից էր։
Իսրայելը վերջինիս մեղադրում է Իրանի միջուկային ծրագրի հարցում կոշտ ձևակերպումների համար, ըստ որոնց՝ Խարազին ակնարկել է նաև Իրանի միջուկային ռազմավարության վերանայման մասին։
Խարազին մարտի 9-ին CNN-ին տված հարցազրույցում նշել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորության պատուհան չտեսնելու մասին։ Նա ասածը հիմնավորել էր վստահության պակասով։
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից։ Ներկայում պատերազմը ընդլայնվել է՝ ընդգրկելով Պարսից ծոցի արաբական երկրներն ու Լիբանանը։ Իսրայելական ու ամերիկյան գործողությունների հետևանքով սպանվել են Իրանի ռազմաքաղաքական էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։












