Պետական աջակցության ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար

Կառավարության նոր ծրագրով բնակարանային աջակցություն կտրամադրվի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Ծրագրի նպատակն է՝ աջակցել բազմազավակ ընտանիքներին՝ ձեռք բերելու բնակարան կամ կառուցելու անհատական բնակելի տուն։ Ծրագիրը, ըստ նախագծի, ուժի մեջ է մտնելու 2027-ի հունվարի 1-ից։
Ծրագրի շահառու կարող է դառնալ այն անձը, ով ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Պարտադիր պայման է, որ ընտանիքի բոլոր անդամները լինեն ՀՀ քաղաքացի։ Եթե երեխան ծնվել է արտերկրում, նա համարվում է շահառու, եթե ունի ՀՀ անձնագիր։ Ընտանիքը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ։ Բացի այդ, շահառուն (և ամուսինը) պետք է ներկայացրած լինեն նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը, որտեղ ընդհանուր եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։ Ընտանիքը չպետք է լինի պետության կողմից իրականացվող այլ բնակարանային աջակցության ծրագրերի շահառու (օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերի կամ տեղահանվածների ծրագրերը)։
Աջակցության չափը և ուղղությունները
Պետությունը յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրում է 4 մլն դրամ։ Այս գումարը տրվում է հավաստագրի տեսքով և կարող է օգտագործվել բնակարան կամ անհատական տուն գնելու կամ տուն կառուցելու համար։ Եթե ընտանիքը նախապատվությունը տալիս է գյուղական բնակավայրին, ապա տրամադրվում է հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել տան կառուցման համար հողամասի ձեռքբերմանը կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնմանը։
Բնակարանին ներկայացվող պահանջները
Գույքը պետք է գտնվի ՀՀ որևէ մարզային բնակավայրում (Երևանից դուրս)։ Ընդ որում, մարզային քաղաքում գույք ձեռք բերելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմելու պահին նախորդող 1 տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ քաղաքում (բացառությամբ երևանաբնակների, ովքեր կարող են ընտրել ցանկացած մարզային քաղաք)։ Բնակելի մակերեսը պետք է լինի առնվազն 10 քմ՝ յուրաքանչյուր անդամի հաշվով։ Գնվող կամ կառուցվող գույքի սեփականության իրավունքը գրանցվում է ընտանիքի բոլոր անդամների անվամբ։
Վարկավորման պայմանները
Ծրագիրն իրականացվում է հիփոթեքային վարկի միջոցով, որի կանխավճարը 0 տոկոս է։ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 120 ամիս (10 տարի) ժամկետով։ Պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները՝ 11-13% չափով՝ կախված վարկի տեսակից և ֆինանսավորման աղբյուրից։ Բացի այդ, պետությունը փոխհատուցում է գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր վճարները։
Դրական մնացորդի իրացումը
Եթե տրամադրված աջակցության չափն ավելի մեծ է, քան վարկի գումարը, առաջացած մնացորդը շահառուն կարող է օգտագործել երկու ուղղությամբ.
Ձեռք բերված գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ։
Կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
Աջակցության դադարեցումը և սահմանափակումները
Սա ծրագրի ամենախիստ դրույթն է. աջակցությունը դադարեցվում է, և ձեռք բերված գույքը փոխանցվում է պետությանը (սոցիալական բնակարանային ֆոնդին), եթե՝
Ընտանիքի առնվազն 2 անչափահաս անդամներ տարվա մեջ 183 օր և ավելի գտնվեն Հայաստանից դուրս (բացառությամբ ուսման կամ բուժման դեպքերի)։
Առնվազն 2 անչափահաս անդամներ գույքը ձեռք բերելուց հետո առնվազն 3 տարի չհաճախեն տվյալ համայնքի դպրոց կամ մանկապարտեզ։
Ինչպե՞ս դիմել
Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2028-ի հուլիսի 1-ը։ Գործընթացն իրականացվելու է ինքնաշխատ եղանակով՝ պետական ռեգիստրների տվյալների համադրմամբ։ Հավաստագիրն ուժի մեջ մտնելուց հետո շահառուն պետք է դիմի գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն՝ վարկավորման համար։











