Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ՝ ապրիլի 6-ին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց մնում է անդամ», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն նշել է, որ չնայած ՀԱՊԿ-ն որոշակի հաջողությունների է հասել, կան նաև խնդրահարույց հարցեր։ Նա որպես հատուկ ուշադրություն պահանջող հարցեր նշել է Հայաստանի հետ հարաբերությունները։
«Մենք պետք է շատ նրբանկատ լինենք։ Հայաստանը այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում։ Սա շատ դժվարին իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Լուկաշենկոն։
Այս առումով Ալեքսանդր Լուկաշենկոն կարևոր է համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումների կազմակերպումը։
«Հատկապես հիմա, այս լարված ընտրական շրջանում, երբ Հայաստանի ղեկավարությունը անկեղծորեն և բացահայտ կխոսի իրավիճակի մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շուրջ», - նշել է Բելառուսի ղեկավարը։
***
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։
Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։











