Գլխավոր Լրահոս

Անշարժ գույքեր և 1 միլիարդ դրամը գերազանցող գումար. դատախազության պահանջը` Աբրահամյաններին

Անշարժ գույքեր և 1 միլիարդ դրամը գերազանցող գումար. դատախազության պահանջը` Աբրահամյաններին

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա մերձավորների (եղբոր և երկու փեսաների) դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումները։ Այդ մասին հայտնում են դատախազությունից՝ հավելելով, որ պետականացման ենթակա է հսկայածավալ գույք և ֆինանսական միջոցներ։

Ընդհանուր առմամբ պահանջվում է բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր և 1 միլիարդ դրամը գերազանցող գումար։ Գույքերի զգալի մասը գտնվում է Երևանում և Արարատի մարզում (հատկապես Մխչյան բնակավայրում)։

Հայցերը ներառում են մասնակցություն 23 իրավաբանական անձանցում և տարբեր ընկերություններին տրված միլիոնավոր դոլարների ու եվրոների հասնող փոխառության իրավունքներ։ Բռնագանձման ենթակա գումարը գերազանցում է 24 միլիարդ դրամը (ներառյալ ապօրինի միջոցների մնացորդները, չհիմնավորված եկամուտները և ցածր արժեքով օտարված գույքերի փոխհատուցումը)։

Զուգահեռաբար, Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթն արդեն դատարանում է։ Նա մեղադրվում է լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, որոնք առնչվում են ավազի արդյունահանման ոլորտում առկա չարաշահումներին և հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացմանը։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին:

 Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում էՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 

  • 13 անշարժ գույք, 12-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում.

  • 5 տրանսպորտային միջոց.

  • 2 իրավաբանական անձում մասնակցություն.

  • շուրջ 270 միլիոն 840 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության նախկին պետ Վահան Զորիկի Մամիկոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 8 անշարժ գույք, որից 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում, 1-ը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նշավան գյուղում.

  • 446 միլիոն 691 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

  • 86 միլիոն 413 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում բաժնի պետի, Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 3 տրանսպորտային միջոց.

  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.

  • 303 միլիոն 918 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023 թվականի մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում.

  • 4 տրանսպորտային միջոց.

  • 20 իրավաբանական անձանցում մասնակցություն.

  • շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով.

  • 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով.

  • Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։ 

2025-ին դատախազն իրավասու դատարան է հանձնել ՀՀ նախկին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը: 

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում՝ 

  • պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու,

  • ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու,

  • իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու և ծանր հետևանքներ առաջացնելու,

  • վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու մեջ»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում