«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը այսօր դատարանում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ինքը որևէ հանցանք չի կատարել և վստահ է, որ արդարացվելու է։
«Ես պատրաստ եմ ցանկացած որոշման։ Խիղճս հանգիստ է, փուչիկները տրաքելու են, սուտ խոսացողները պատասխանատվության են ենթարկվելու, Ծառուկյանն արդարացվելու է»,- ասաց նա։
Նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Ծառուկյանի գործով դատաքննությունը։ Հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել մեղադրյալի խափանման միջոց կալանքը։
Դատարանում Ծառուկյանը նշեց, որ իրանցի գործարարների հետ համագործակցությունը սկսվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերը զարգացնելու նպատակով։
«Պետության ներկայացուցիչներ են եկել, որ պետությունը ցանկություն ունի՝ Հայաստանում հայ-իրանական առևտրի կենտրոն ստեղծվի, և իրենք իրենց ամբողջ ապրանքը բերեն այստեղ։ Ինձ համար դա ընդունելի է եղել, մեր պետության, տնտեսության համար էր։ Մեծ ուրախությամբ համաձայնվել եմ»,- ասաց Ծառուկյանը։
Նա պնդեց, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ գումարը ներդրել է ինքը, իսկ իրանցի գործընկերները ներդրում չեն կատարել։ Ծառուկյանի խոսքով՝ պայմանավորվածություն է եղել, որ նրանք իրականացնելու են առևտրային գործունեությունը և ստանալու են դրա 50 տոկոսը։
Ծառուկյանը պատմեց նաև, որ հետագայում գործընկերներից մեկը խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել գումարները վերադարձնելու համար՝ խոստանալով դրանք վերադարձնել մինչև մարտ ամիս։
«Եկել է, թղթերը տվել եմ իրեն, ասել է՝ լրիվ ճիշտ է, Ծառուկյան, ես կկազմակերպեմ, այդ գումարները մինչև մարտ ամիս կվերադարձնեմ քեզ»,- ասաց նա։
Գործարարը վստահեցրեց, որ իրանական գործընկերներն իրենց պարտավորությունները չկատարելուց հետո սկսել են հերքել նախկինում ստորագրած փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ փաստաթղթերի վրա առկա են հենց նրանց ստորագրությունները։
Ծառուկյանը նաև հայտարարեց, որ իրանական գործընկերների հետ ունեցած հանդիպումներից մեկի տեսագրությունը կա, որտեղ, իր պնդմամբ, նրանք ընդունում են իրենց պարտավորությունները և խոստանում վերադարձնել գումարները։
«Եթե գումարը ես եմ տվել, հիմնարկների հետ կապ չունեմ, մարդ չունեմ, իրենց փողի հետ կապ չունեմ, այսօր ինձ ներկայացնում են հանրության առաջ, թե ես փող եմ շորթել, փող եմ լվացել։ Թող մեղադրողներն ասեն՝ որտեղ է այդ հանցակազմը»,- ասաց նա։
Դիմելով հանրային մեղադրողներին՝ Ծառուկյանն ասաց, որ նրանք չեն կարող պարզաբանել, թե ինչպես է ինքը շորթում արել, այն դեպքում, երբ ներդրող էր։
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ենթադրյալ հանցավոր գործունեությունն իրականացվել է 2022-2024 թվականներին՝ Իրան-Հայաստան առևտրային և լոգիստիկ կապեր զարգացնելու պայմանավորվածությունների շրջանակում։
Ըստ նախաքննական մարմնի՝ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խմբի անդամները Իրանի քաղաքացիների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հիմնել համատեղ իրավաբանական անձինք, ապա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով իրանական ընկերություններից ձեռք բերել և Հայաստան ներմուծել 52 տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ։












