«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը նոյեմբերի 4-ին ձերբակալվել է։ Այս մասին Սիվիլնեթին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քիչ առաջ Սամվել Կարապետյանը ԱԱԾ ծառայողների հետ հեռացավ իր առանձնատնից, որտեղ վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կարապետյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումը կապված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շուրջ 64,5 մլրդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու գործի հետ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ 2016-2024 թվականներին ՀԷՑ-ում կատարվել են ծառայողական լիազորությունների չարաշահումներ, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և փողերի լվացում։
Ըստ քննության՝ ընկերության գործունեության համար անհրաժեշտից ավելի վարկային միջոցներ են ներգրավվել, որոնք հետագայում անհիմն տրամադրվել են բաժնետերերին որպես շահաբաժին կամ փոխանցվել տարբեր կազմակերպությունների։
ՔԿ-ն հայտնում է, որ այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ։
Նոյեմբերի 4-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվում նաև Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարանում և Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ ՔԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ խուզարկություններ են կատարվել 65 հասցեներում։
«Ուժեղ Հայաստանը» գործողությունները կապում է Սահմանադրության փոփոխության օրակարգի հետ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իրավապահների գործողությունները քաղաքական հետապնդում է համարում՝ դրանք կապելով Սահմանադրության փոփոխության հարցում իր դիրքորոշման հետ։
Կուսակցությունը հայտարարության մեջ պնդել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնելու հրահանգ է տվել, քանի որ չի կարողանում հասնել Սահմանադրության փոփոխության հարցում իր նպատակին։
«Ուժեղ Հայաստանը» նաև հայտարարել է, որ չի հրաժարվելու իր քաղաքական պայքարից։
Առաջիկայում պետք է հրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը
Նոր Սահմանադրության ընդունման հարցում իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» Ազգային ժողովում ունի 64 մանդատ, մինչդեռ նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի կողմ ձայն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փորձելու է համոզել ընդդիմությանը, իսկ համաձայնության չհասնելու դեպքում չի բացառել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է աջակցել նախաձեռնությանը՝ պնդելով, որ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է։
Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը՝ այն համարելով իր նկատմամբ տարածքային պահանջների արտահայտություն։ Իշխանությունը հերքում է, թե նոր Սահմանադրության ընդունումը նախաձեռնել է Ադրբեջանի պահանջով։
Սամվել Կարապետյանի նկատմամբ սա առաջին քրեական հետապնդումը չէ։ Նա կալանավորվել էր 2025 թվականի հունիսին՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, հետագայում նաև՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության մեղադրանքներով։
2025 թվականի դեկտեմբերին Կարապետյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Նախորդ գործը գտնվում է դատական քննության փուլում։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։












