Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել որդու չծառայելու մասին արված մեկնաբանության համար

ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր որդու չծառայելու վերաբերյալ հնչեցրած մեկնաբանության համար։
Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ` ի պատասխան լրագրողի հարցին, Քոչարյանը հայտնել էր, որ իր որդին չի ծառայել, քանի որ նա «բարձրակարգ տղա է»։
Դիմելով լրագրողին Անդարիկ Քոչարյանն ասել է․
«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չէիր ծառայի»։
Հանրության կողմից կոշտ քննադատության արժանացած այս հայտարարությունից հետո Քոչարյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել․
«ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հայտարարությանն արձագանքել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:
«Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:
Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են:
Երկու զինվորի հպարտ մամա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։
Թեմա











