Գլխավոր Լրահոս

Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը առաջընթաց է գրանցում, սակայն դեռևս լիարժեք չէ

Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը առաջընթաց է գրանցում, սակայն դեռևս լիարժեք չէ

Անի Փայտյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը առաջընթաց է գրանցում, սակայն դեռևս լիարժեք չէ։ Չնայած 2017 թվականին ընդունված օրենքին և վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին՝ ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լայն տարածում ունեցող խնդիր Հայաստանում։ Տուժածների վկայությունները, հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու փորձագետների գնահատականները ցույց են տալիս, որ առաջընթաց կա, սակայն համակարգը դեռևս ունի բազմաթիվ բացեր, իսկ հասարակությունում շարունակում են պահպանվել կարծրատիպերն ու լռության մշակույթը։

«Ամուսնալուծությունից հետո որոշ ժամանակ անցավ։ Նա, բնականաբար, ավելի վատ վիճակում էր։ Սպառնում էր։ Երեխայի հետ հանդիպումների հարցում իրեն շատ անպատշաճ էր պահում։ Օրինակ՝ մի օր գալիս էր երեխային տեսնելու, հաջորդ օրը զանգում էր․ եթե տանը չէինք լինում, սկսում էր տասնյակ անգամ զանգել, գրել՝ «Ի՞նչ ես արել իմ երեխային։ Ես կգամ, երբ ուզեմ, կանեմ, ինչ ուզեմ, ես եմ որոշողը»։ Միշտ նույն պատմությունն էր։ Կարող էր գալ ուշ երեկոյան՝ ժամը 10-ին, 11-ին, նույնիսկ կեսգիշերին, դուռը թակել, փորձել կոտրել այն»։

Բաժանումը չի դադարեցնում բռնությունը

Վիկտորյան (անունը փոխված է) ութ տարվա հարաբերությունից հետո հեռացավ ամուսնուց։ Նրա ամուսինը խաղամոլության կախվածություն ուներ․ աշխատավարձը գրեթե ամբողջությամբ ծախսում էր խաղային ավտոմատների, քարտային խաղերի և առցանց խաղադրույքների վրա։ Ընտանիքին մնում էին միայն չնչին միջոցներ՝ հազիվ գոյատևելու համար։ Այդ ընթացքում Վիկտորյան տարբեր փոքր աշխատանքներ էր կատարում, որպեսզի կարողանա հոգալ փոքր որդու կարիքները։

Տարիներ շարունակ ապրելով պարտատերերի դռան թակոցներից վախի մեջ՝ նա վերջապես համարձակվեց բաժանվել։ Սակայն հոգեբանական բռնությունը, հետապնդումն ու սպառնալիքները չդադարեցին։

«Մի օր եկավ, սկսեց ուժեղ հարվածել դռանը, գոռալ։ Հետո գնաց, նորից վերադարձավ։ Այդ ընթացքում որդիս դուռը բացեց։ Նա ուժով ներս մտավ և սկսեց երեխային քաշել․ «Ես կտանեմ երեխային, կգամ, երբ ուզեմ»։ Մինչ այդ էլ զանգում էր, սպառնում դուռը կոտրել։ Ես վախենում էի՝ ինձ ինչ կարող է անել»։

«Այդ օրը հասկացա, որ եթե հիմա քայլ չանեմ, այս ամենը շարունակվելու է հենց իմ տանը»,- պատմում է Վիկտորյան։

Ընտանեկան բռնություն՝ դեռևս լայն տարածում ունեցող երևույթ

Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Վերջին տարիներին գրանցված դեպքերի թիվը աճում է։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է 1,360 դեպք, մինչդեռ 2023 թվականին՝ 508, այսինքն՝ աճը գերազանցել է 160 տոկոսը։ Դեպքերի մեծ մասը վերաբերում է ֆիզիկական բռնությանը (934 դեպք), իսկ 166-ը՝ հոգեբանական բռնությանը։ Աճել են նաև ամենածանր դեպքերը․ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության հետ կապված 13 սպանություն՝ նախորդ տարվա 3-ի փոխարեն։

Այս աճը մասամբ բացատրվում է նրանով, որ վերջին տարիներին ոստիկանությունում գրանցված բոլոր ահազանգերը ենթակա են քննության։

2025 թվականի տվյալները դեռևս ամբողջական չեն, սակայն տարվա կեսին արդեն գրանցվել էր մոտ 900 դեպք։ Միևնույն ժամանակ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշում են, որ այս թվերը չեն արտացոլում ամբողջական պատկերը։ Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում կանանց մոտ 15–18 տոկոսը կյանքի ընթացքում ենթարկվել է որևէ տեսակի բռնության զուգընկերոջ կողմից, ինչը ցույց է տալիս, որ բազմաթիվ դեպքեր մնում են չհայտարարված։

Հասարակական կազմակերպությունները՝ առաջնագծում

Վիկտորյան օգնության է դիմել Կանանց աջակցման կենտրոնին (Women’s Support Center), որը զբաղվում է ընտանեկան բռնության զոհերի աջակցությամբ։ Կազմակերպության գործադիր տնօրենը Մարո Մաթոսյանն է։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը սկսել է գործունեությունը մոտ 15 տարի առաջ, երբ պետությունը դեռևս բավարար ուշադրություն չէր դարձնում այս խնդրին։

Մարո Մաթոսյանը հիշում է առաջին լայն արձագանք ստացած դեպքը։ 2010 թվականին 20-ամյա երիտասարդ մայր Զարուհի Պետրոսյանը իր ամուսնու և սկեսուրի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացավ։ Նրա ծնկները, գանգը և մատները կոտրել էին այն պահին, երբ նա փորձում էր օգնության կանչել։

Լուսանկար՝ Մարո Մատոսյան,Կանանց Աջակցման Կենտրոն-ի գործադիր տնօրեն
Լուսանկար՝ Մարո Մատոսյան,Կանանց Աջակցման Կենտրոն-ի գործադիր տնօրեն

Ամուսինը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, իսկ սկեսուրը պատասխանատվության չենթարկվեց և նույնիսկ ստացավ երեխայի խնամակալությունը։ Այս գործը լայն արձագանք ստացավ և դարձավ հասարակական պայքարի կարևոր փուլ։

Երկար տարիներ՝ որպես տաբու թեմա

«15 տարի առաջ ընտանեկան բռնությունը Հայաստանում լիովին տաբու թեմա էր։ Երբ այս հարցը բարձրացնում էինք պետական մակարդակով, մեզ ասում էին՝ «ոչ, մեր ընտանիքը սուրբ է, մենք ավանդական արժեքներ ունենք»։ Բայց երբ հարցնում էինք՝ որոնք են այդ արժեքները, ոչ ոք չէր կարող հստակ պատասխանել»,- ասում է Մաթոսյանը։

Այդ ժամանակ դեռևս չկար որևէ օրենք, որը հստակ կսահմաներ և կպատժեր ընտանեկան բռնությունը։

2017 թվական․ առաջին օրենքը

Հասարակական կազմակերպությունների ճնշումը, Զարուհի Պետրոսյանի գործը և Եվրոպական միության հետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2017 թվականին ընդունվեց ընտանեկան բռնության դեմ առաջին օրենքը։ Այն առաջին անգամ սահմանեց ընտանեկան բռնության տարբեր ձևերը՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական, ինչպես նաև նախատեսեց պաշտպանության մեխանիզմներ։

Օրենսդրական փոփոխություններ

2024 թվականին ընդունված փոփոխություններով ընդլայնվեց բռնության սահմանումը։

Իրավաբան և մարդու իրավունքների փորձագետ Լուիզա Վարդանյանի խոսքով՝ այժմ ընտանեկան բռնություն է համարվում ոչ միայն ընտանիքի անդամների միջև բռնությունը, այլ նաև զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ նրանք միասին ապրում են, թե ոչ։

Լուսանկար՝ Լուիզա Վարդանյան, փաստաբան և մարդու իրավունքների փորձագետ
Լուսանկար՝ Լուիզա Վարդանյան, փաստաբան և մարդու իրավունքների փորձագետ

Փորձագետների գնահատմամբ՝ ոստիկանության արձագանքը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Իրավապահ մարմիններն ավելի հաճախ են հետևում ուղեցույցներին և մասնակցում վերապատրաստումների։

Չնայած առաջընթացին՝ խնդիրները դեռևս շատ են։ Համակարգում պահպանվում են պահպանողական մոտեցումներ և գենդերային կարծրատիպեր։

Մարո Մաթոսյանը նշում է, որ որոշ դատավորներ մեղադրում են հենց տուժողներին․ «Փոխանակ պաշտպանելու, հարցնում են՝ ինչու՞ ես բողոքում ամուսնուցդ, ինչու՞ ես ընտանիքդ քանդում»։

Վիճակագրության համաձայն՝ մոտ 1,800 դեպքից միայն 18 տոկոսն է հասնում դատարան։

Երեխաները՝ անտեսված զոհեր

Ընտանեկան բռնության դեպքերում հաճախ անտեսվում են երեխաները։ Նրանցից շատերը ոչ միայն ականատես են լինում բռնությանը, այլև ենթարկվում դրա հետևանքներին։

Փորձագետների խոսքով՝ բռնության ականատես լինելը նույնպես վնասում է երեխայի հոգեբանությանը։

Ըստ որոշ գնահատականների՝ բռնության միջավայրում մեծացած տղաների մոտ մոտ 80 տոկոսը հետագայում կարող է դառնալ բռնարար, իսկ աղջիկները հաճախ կրկնում են նույն վարքագծային մոդելները՝ ընտրելով բռնի զուգընկերներ։

Լուսանկար՝ երեխաների խաղասենյակ Կանանց Աջակցման Կենտրոն-ում, Վալենտին Շենո-Դոմաս
Լուսանկար՝ երեխաների խաղասենյակ Կանանց Աջակցման Կենտրոն-ում, Վալենտին Շենո-Դոմաս

Փորձագետների կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունները կարևոր են, սակայն բավարար չեն։ Ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական հարվածները չեն․ այն շարունակվում է նաև վախի, լռության և հոգեբանական վնասների միջոցով, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենում ամբողջ ընտանիքի վրա։ Քանի դեռ հասարակությունը, իրավապահ մարմիններն ու դատական համակարգը լիովին չեն գիտակցում խնդրի խորությունը, շատ տուժածներ կշարունակեն լռել։

Հանրային իրազեկումը, մասնագետների վերապատրաստումը և երեխաների ճանաչումը որպես լիարժեք զոհեր՝ առանցքային քայլեր են բռնության այս փակ շրջանը կոտրելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում