«Սխալ նույնականացում է եղել»․ Պռոշյանի կոնյակի գործարանից CivilNet-ին հայտնեցին, որ Ռուսաստանի Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայության կողմից լիցենզիան չեղարկելու գործընթացը վերաբերում է Ռուսաստանում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերությանը և որևէ առնչություն չունի հայաստանյան արտադրողի հետ։
«Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։
Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,- հայտնեցին Պռոշյանի կոնյակի գործարան-ից։
Ընկերությունից նշեցին, որ գործարանը գործում է բնականոն ռեժիմով, անխափան իրականացնում է արտադրությունը և շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ այդ թվում ԵԱՏՄ երկրներ։
Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ լիցենզիայի չեղյալ համարելու հարցը ներկայումս քննվում է Արբիտրաժային դատարանում։
Անդրադառնալով այս հարցին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 8-ին լրագրողներին հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանից Ռուսաստան արտահանում իրականացնող տնտեսվարողներից բողոքներ չի ստացել։












