Գլխավոր Լրահոս

«Պատերազմ բերողնե՞ր». ինչ են ասում ընդդիմադիր ուժերը խաղաղության մասին

«Պատերազմ բերողնե՞ր». ինչ են ասում ընդդիմադիր ուժերը խաղաղության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պնդում է, թե 2026-ի ընտրություններում ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի։ Իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են իրենց ուժը որպես խաղաղության կողմնակից, իսկ ընդդիմադիրներին՝ որպես խաղաղության գործընթացը վտանգող ուժեր։ Սակայն ի՞նչ են իրականում ասում ընդդիմադիրները խաղաղության գործընթացի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերը պատրաստվում են վերանայել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը՝ այդ թվում ուժային եղանակով։

«…Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին, սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել», - ասել է Փաշինյանը:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է ընդդիմադիր առաջնորդների և նրանց թիմերի ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ պարզելու, թե արդյոք նրանք խոսում են խաղաղության գործընթացը վերանայելու մասին։

Ռոբերտ Քոչարյան․ Երաշխավորներ, «կախյալ զինադադար», TRIPP-ը որպես սպառնալիք

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2025թ. հոկտեմբերի 7-ի անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրին և նախաստորագրված խաղաղության համաձայնագրին՝ քննադատելով դրանցում երաշխավորների և զսպման մեխանիզմների բացակայությունը։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը ոչ թե կայուն խաղաղություն է, այլ Ադրբեջանի քաղաքական որոշումներից ու նախագահ Իլհամ Ալիևի տրամադրությունից «կախյալ զինադադար»։ 

«Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ […], որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման համար, ոչ թե «վկա» կլինեն»,- նշել էր նա։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ նա առաջարկում էր լավարկել այն կամ ընդլայնել ծրագիրը (որը, ըստ նրա, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կմերժի), կամ առաջարկել, որ Հայաստանը սեփական միջոցներով կառուցի ճանապարհը՝ պահպանելով նույն անվանումը։

Քոչարյանը նաև շեշտել էր, որ  TRIPP-ը չեն կարող չեղարկել. «Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, հետո մեկ ամիս, երկու ամիս հետո կամ վեց ամիս հետո չեղարկել, ասել՝ չէ, էլ չենք ընդունում»:

Նա առաջարկել է գործող փաստաթղթերին զուգահեռ ընդունել անվտանգության երաշխիքների նոր համաձայնագիր:

2026-ին հունվարի 29-ին Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե իշխանության գալու դեպքում արդյոք կստորագրի խաղաղության պայմանագիրն այն տեսքով, որ այս պահին առկա է, նշել է, որ իր մոտեցումները նույնն են մնում. «Այս հայտարարությունը, ըստ էության, որևէ երաշխիքներ չի պարունակում իր մեջ, չկան երաշխավորներ, և իմ առաջարկը հետևյալն էր՝ համալրել ևս մեկ համաձայնագրով, որն իր մեջ կներառի հենց երաշխիքային ամբողջ այսպես կոմպլեքս և այդ երկու փաստաթուղթը ստորագրվեն միաժամանակ»: 

Քոչարյանը միաժամանակ հայտարարել է, որ TRIPP-ը «մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու»՝ նշելով, որ նախագիծը Հայաստանին չի ապահովում բավարար վերահսկողություն և նրան դարձնում է «կիսակողմ»։ Նրա գնահատմամբ՝ այս ծրագիրը հայ-ամերիկյան պրոյեկտ է Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի համար։ 

Մարտի 14-ին հրապարակված «Մեծ քաղաքականություն» պոդկաստի երկրորդ էպիզոդում Քոչարյանը կրկին խոսել է երաշխավորված խաղաղության մասին. «Մեր մոտեցումը հետևյալն է՝ չի կարող խաղաղությունը կախված լինի մեկ մարդու բարի կամքից: Ես սա նույնիսկ իմ համար անվանել եմ հորս արև խաղաղություն»: Քոչարյանի պնդմամբ՝ երաշխիքները պետք են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերին. «Պետք չի այս հարցը դիտարկել այնպես, որ երաշխիքները պետք են միայն մեզ՝ միայն հայկական կողմին։ Ինչ են ասում մեզ՝ ասում են ռևանշիստներ են, չեն ուզում և այլն …։ Խաղաղության երաշխիքները նաև զսպում են ռևանշիստներին, երկու կողմին է սա վերաբերում»։

Մարտի 16-ին «Հայաստան» դաշինքի միջոցառման ժամանակ Քոչարյանն իր ելույթում  նշել է, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է միաժամանակ ունենալ մարտունակ բանակ, ուժեղ ղեկավարություն և հուսալի դաշնակիցներ։ Նա շեշտում է նաև կանխատեսելի արտաքին քաղաքականության կարևորությունը՝ նշելով, որ մեծ տերությունների հակասությունների վրա խաղալը վտանգավոր է։

Քոչարյանն ասել է, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն այն, ըստ նրա, պետք է հիմնված լինի ոչ թե բանավոր խոստումների, այլ իրական անվտանգային երաշխիքների վրա։ 

Մարտի 24-ին պոդկաստի երրորդ էպիզոդում Քոչարյանը հայտարարել է, որ իշխանությունը մանիպուլացնում է հանրությանը՝ պնդելով, թե ընդդիմության գալու դեպքում ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկվելու են։

Անդրադառնալով շահարկումներին, թե նախորդ ելույթում Արարատը, Արագածը, Խուստուփը և Իշխանասարը հիշատակելով՝ տարածքային պահանջներ են ներկայացվում, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը նշել է, որ այս անունների հիշատակումը վերաբերում է ինքնության պահպանմանը, ոչ թե տարածքային պահանջներին կամ պատերազմի կոչերին, և տարօրինակ է համարում, որ դա ներկայացվում է որպես սպառնալիք։

Ամփոփելով մոտեցումները՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց առաջարկած «արժանապատիվ խաղաղությունը» նշանակում է պետություն, որը ստիպված չի լինի ամեն օր ինչ-որ բան զիջել մեկ օր ավել խաղաղություն մուրալու համար։

Սամվել Կարապետյան․ մի քանի երաշխավոր, «վկա»-ից դեպի իրական երաշխավորություն, անվտանգային բալանս

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն էլ իրենց ելույթներում խոսում են խաղաղության գործընթացում երաշխավորների ներգրավման անհրաժեշտության մասին։ 

«Մեր առաջարկը ի՞նչն է՝ խաղաղության պայմանագրում լինի մեկից ավելի երաշխավոր. այդ պարագայում կլինի խաղաղություն»,- փետրվարի 24-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» համակարգող Նարեկ Կարապետյանը։ 

Նա նաև նշում է, որ խաղաղության գործընթացներում ԱՄՆ-ն ներկայում ներգրավված է որպես «վկա», ինչը, ըստ նրա, դրական քայլ է, սակայն բավարար չէ։ Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել գործընթացը՝ այն վերածելով իրական երաշխավորության և ներգրավելով այլ գործընկերների։ Նա ակնարկում է, որ դրանք կարող են լինել Իրանը (հարավային հարևան) և Ռուսաստանը (հյուսիսային հարևան), որոնք հետաքրքրված են «Հայաստանի տարածքային ամբողջականությամբ»։ 

Արդյոք երաշխավորների ներգրավումը խաղաղության պայմանագրի վերաբանակցում չէ՞։ Այս հարցին Կարապետյանը պատասխանում է. «Մենք Փաշինյանի պես ամեն ինչ զրոյական կետից չենք սկսում։ Վերաբանակցումը երաշխավորների հետ է լինելու, որպեսզի տեքստը որպես այդպիսին փոփոխության չենթարկվի»։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը կարող է չհամաձայնել երաշխավորների ներգրավմանը, Կարապետյանը նշում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորության խնդիրը հենց Հայաստանինն է։ 

«Եթե նա (Ադրբեջանը - խմբ.) նկրտում չունի, ինչո՞ւ չի ուզենա ապացուցել, որ նա խաղաղության է գնում։ Երաշխավորները կապահովեն մեզ համար անվտանգություն, իրենց համար մեր պարտավորությունների կատարում»,- նշել է։

Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է ոչ թե մեկ երաշխավոր, այլ մեկից ավելի։  

«Մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։ Ինչո՞ւ, որովհետև Արցախի դեպքերը, Աֆղանստանի դեպքերը, Սիրիայի քրդերի դեպքերը մեզ ցույց են տալիս, որ մենաշնորհ պետք է չլինի, մենաշնորհ պետք է չլինի, որ այդ հակադրությունների վրա մենք կարողանանք բալանսը պահպանենք»,- մարտի 19-ի հարցազրույցում պնդել է Կարապետյանը։ 

«Ուժեղ Հայաստանի» համակարգողը նաև խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման մասին՝ նշելով, որ դրանք վերադարձվելու են, սակայն «խաղաղ ճանապարհով» և «դիվանագիտության միջոցով»։ 

Սամվել Կարապետյանը, որը ներկայում տնային կալանքում է, ուղերձներում խոսում է խաղաղության ամրապնդման և ուժեղ խաղաղության գաղափարի մասին․ «Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն»։ Նա նաև նշում է, որ Հայաստանում այսօր գոյություն ունի «ժամանակավոր խաղաղություն», որը, ըստ իր գնահատականի, թույլ է՝ առանց մի քանի անվտանգության երաշխավորների, թույլ սահմաններով, թույլ պաշտպանությամբ։ 

Կարապետյանի առաջարկած լուծումը, ըստ հայտարարության, ներառում է՝ ուժեղ դիվանագիտություն, անվտանգության մի քանի երաշխավորներ, պաշտպանական կարողությունների աճ և ուժեղ տնտեսություն։

Գագիկ Ծառուկյան․ երաշխավորված խաղաղություն, միջնորդներ, անվտանգության մոդել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրան միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս խոսում են երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին։ 

«Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում, պատերազմից ոչ մեկ չի օգտվում, բայց պետք է լինի երաշխավորած խաղաղության, որ լիարժեք երաշխավորած լինի, հիմնական հարցը սա է»,- մարտի 11-ին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակը «խաղաղություն չէ, այլ թելադրանք»։

Ծառուկյանը ընդգծում է, որ իրենց սկզբունքային մոտեցումը հետևյալն է. «Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված»։ Նշում է, որ իրենք հանդես են գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որը Ծառուկյանի հետ մեկ ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, մարտի 6-ին պնդել է, որ իշխանության կողմից առաջ տարվող «ընտրություն պատերազմի և խաղաղության միջև» թեզը կեղծ է։ 

«Հիմա մյուս քաղաքական ուժերը բնականաբար խաղաղության իրենց մոդելներն են առաջարկելու, որը որևէ կերպ, կրկնում եմ որևէ աղերս չունի պատերազմի վերսկսման, պատերազմի ռիսկի հետ։ Այսինքն՝ պատերազմի այլընտրանքը խեղճությունը թշնամու բոլոր պահանջները անվերապահորեն ընդունելը չի»,- հայտարարել է նա։ Վերջինս ներկայիս գործընթացը բնորոշում է որպես «սողացող կապիտուլյացիա», որը հիմնված է միակողմանի զիջումների վրա և լեգիտիմացնում է Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան

Սուրենյանցը միաժամանակ նշում է, որ բանակցությունները զրոյական կետից սկսելու «արկածախնդրություն չունեն»։ 

«Եթե որևէ ուժ բացահայտորեն հայտարարում է, որ ինքը չի վերանայելու երկրից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ ուժը չի կարող պատերազմի կուսակցություն անվանվել»,- հայտարարում է Սուրենյանցը՝ ընդգծելով, որ  առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների խաղաղության գործընթացը չի կարող ինստիտուցիոնալ լինել։ 

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ներկայիս իրավիճակը անվանում է «շոու հրադադար» կամ «գերեզմանային խաղաղություն»։ Նրա պնդմամբ՝ առանց «գետնի վրա» գործող միջնորդի կամ երաշխավորի, որևէ խաղաղություն չի կարող լինել։ 

Թևանյանի խոսքով՝ «երաշխավորված խաղաղությունը» պետք է հիմնված լինի երեք հիմնական բաղադրիչի վրա՝ բանակի վերականգնում, դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և բանակցային գործընթացում երաշխավորների ներգրավում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ համագործակցելով Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ինչպես նաև ապահովել միջնորդների կամ երաշխավորների մասնակցությունը հայ-ադրբեջանական գործընթացում։  Նա նաև կարևորում է սահմանագծում և սահմանազատում իրականացնելը Ադրբեջանի հետ:

Այսպիսով, ընդդիմադիր ուժերի հրապարակային հայտարարություններում շեշտը դրվում է խաղաղության գործընթացում անվտանգության լրացուցիչ երաշխիքների և մեխանիզմների ներգրավման վրա։ Փաստացի նրանց հայտարարություններում չի արձանագրվում խաղաղության գործընթացը ուժային եղանակով փոխելու կոչ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում