Ղազախստանը շահագրգիռ է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական երկօրյա այցով Հայաստան է ժամանել ապրիլի 8-ին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։












