Գլխավոր Լրահոս

Գերիների հարցն Ադրբեջանի հետ երկխոսության օրակարգի առաջնային թեմաներից է․ Միրզոյան

Գերիների հարցն Ադրբեջանի հետ երկխոսության օրակարգի առաջնային թեմաներից է․ Միրզոյան

Գերիների ազատ արձակման հարցն Ադրբեջանի հետ երկխոսության օրակարգի առաջնային թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Բաքվում պահվող հայերի և գերիների ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ 

«Հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալացման կարիք ունի: Ցավոք սրտի բոլոր հարցերը չէ, որ լուծված են, այդ հարցերից ամենազգայունը մեր հասարակության համար Բաքվում պահվող գերիների հարցն է։ Մեր դիրքորոշումն այն է, որ նրանք պետք է օր առաջ ազատ արձակվեն»,- ասել է նախարարը։   

Միրզոյանը փաստում է, որ Կարմիր խաչի գործունեության կասեցումն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակը։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ-ն 2025-ի սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։

ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում սկսել է գործել 1992-ից, աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաև խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսևորումը զինամթերքով աղտոտված տարածքներում։  

ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որը կարողանում էր այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին։

***

Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում