Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ԿԸՀ-ում հանդիպման խնդրանքով դիմել էր Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ։ Այս մասին ապրիլի 10-ին ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«ՌԴ դեսպանը եկել էր՝ ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին։ Այն դեսպանները, որոնց երկրներն ունեն կենտրոնական ընտրական մարմիններ և պատրաստվում են Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դիտորդություն իրականացնել՝ այցելում են ԿԸՀ»,- մեկնաբանել է Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո է պլանավորվել Կոպիրկինի այցը ԿԸՀ։
Ապրիլի 9-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ ԿԸՀ-ից հայտնել են, որ դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։
Ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն էր հայտնել, որպեսզի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարողանան մասնակցել նաև Ռուսաստանի անձնագիր ունեցող քաղաքական գործիչները, որոնք գտնվում են անազատության մեջ։
Վարչապետ Փաշինյանն արձագանքելով Պուտինի այս ցանկությանը՝ հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։
«ԿԸՀ-ն ապաքաղաքական կառույց է, դեսպանները հարգում են մեր օրենսդրությունը, նրանք իրենց խոսքում, գործում չեն անում մի բան, որը մեր մանդատից կարող է դուրս լինել։
Այս ընթացքում տարբեր երկրների դեպաններ են հանդիպել ԿԸՀ նախագահի հետ, սակայն լրահոսից միայն ՌԴ դեսպանի այցն ուշադրություն գրավեց»,- նշել է Հովակիմյանը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։












